Հայտնի է, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար ովքեր են վճարել 2 մլրդ դրամ գրավը։
7or.am–ի տեղեկություններով՝ գրավի գումարի մեծ մասը տվել են ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը («Տաշիր Գրուպ»), գործարար Սերգեյ Համբարձումյանը («Группа компаний «Монарх»»), ռուսաստանյան հայտնի միլիարդատեր, «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի խոշոր բաժնետեր Վլադիմիր Եվտուշենկովը (ի դեպ, Ռոբերտ Քոչարյանը «Սիստեմայի» տնօրենների խորհրդի անկախ տնօրեն է), ռուսաստանաբնակ հայտնի գործարար և բարերար Գենադի Ստեփանյանը։
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը, հավելելով, որ Քոչարյանի ազատության համար գրավի վճարմանը մասնակցել են բազմաթիվ այլ գործարարներ, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ համապատասխան հաշվեհամարին փոխանցումներ կատարած ՀՀ քաղաքացիներ։
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը մասնակի բավարարել էր Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին դատարանի որոշման դեմ բողոքը։ Քոչարյանն ազատ կարձակվի 2 միլիարդ դրամ գրավի դիմաց։ Գումարը վճարելու համար օրենքով կարճ ժամանակ է սահմանված՝ ընդամենը երկու օր։
Դրան հաջորդել էր ՀՀ դատախազության հայտարարությունը, ըստ որի`պատրաստվում են Վճռաբեկ դատարան բողոք ներկայացնել։
Մինչ այդ` դեռ մայիսի 8-ին, Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատական նիստում ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդություն էին ներկայացրել։
Մայիսի 13-ին Երևանի ընդհանուր իրավասության դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել էր միջնորդությունը։ Այս որոշումն էլ Վերաքննիչում բողոքարկել էին Քոչարյանի պաշտպանները, որն էլ մասնակի բավարարեց Վերաքննիչը։
ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թ–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 2018թ-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին:
2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ: Երկրորդ նախագահին նաև կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրված։