Հայաստանում կորոնավիրուսի վարակի տարածման գործակիցը 1.1-ի շրջանակում է, այսինքն 10 վարակված մարդը վարակում է 11 մարդու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին պարետատան նիստից հետո հունիսի 22-ին, առցանց ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանում վարակի տարածման գործակիցը 1.1–ի շրջանակում է: Այսինքն՝ 10 վարակված մարդը վարակում է 11 մարդու: Ես ուզում եմ սրա հակադարձ բանաձևն առաջարկել, որ ամեն 10 հոգին, որոնք պահպանում են հակահամաճարակային կանոնները, ևս 10 հոգու հետևողականորեն դրդեն, որ նույնպես պահի հակահամաճարակային կանոնները»,- ասաց վարչապետը:
Փաշինյանն իր փորձով ասաց, որ դիմակներ բաժանելու գործընթացը շատ օգտակար է: Նա հորդորեց հնարավորություն ունեցողներին դիմակ բաժանել այն քաղաքացիներին, որոնք չեն կրում դիմակ կամ ակնհայտորեն մաշված դիմակներ են կրում:
Հայաստանում հունիսի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 20 588 դեպք, որոնցից 9131-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ փաստացի բուժում է ստանում 10 980 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 96843 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 360 դեպք:
Աննա Գրիգորյան