Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ընտանիքը Չեխիայում նոր առանձնատուն է գնել. «Հետք»
Advertisement 1000 x 90

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ընտանիքը Չեխիայում նոր առանձնատուն է գնել. «Հետք»

2018-ի հոկտեմբերից Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Հայկ Մարությանի կինը՝ Իվա Մարությանը, անցյալ տարի 3 միավոր անշարժ գույք է ձեռք բերել Չեխիայի Կուտնա Հորա քաղաքում: Այս մասին գրում է «Հետք»-ը:

Սա Մարությանների առաջին անշարժ գույքը չէ Չեխիայում: Նկատենք, որ Իվա Վլաստիմիլի Մարությանն ազգությամբ չեխ է, Չեխիայի քաղաքացի, այդ երկրի քաղաքացիներ են նաև Երևանի քաղաքապետի 4 անչափահաս զավակները: Հայկ Մարությանն անցյալ տարի լրագրողներին ասել է, որ ինքը ՀՀ քաղաքացի է, Չեխիայի քաղաքացիություն չունի, սակայն այլ ինֆորմացիա չի բացահայտել. խոսքն այստեղ ԵՄ անդամ այդ երկրում կացության իրավունք ունենալու մասին է:

Ինչու են Մարությանի հայտարարագրերի տվյալները տարբեր

Երբ 2018-ի սեպտեմբերին կայացած Երևանի ավագանու ընտրություններից առաջ Հայկ Մարությանը ԿԸՀ-ին ներկայացրել էր գույքի և եկամուտների հայտարարագիր, նշել էր, որ միանձնյա սեփականության իրավունքով 2 միավոր անշարժ գույք ունի Երևանի Հյուսիսային պողոտայում (բնակարան և ավտոտնակ): Բացի դրանից՝ թեկնածուն հայտարարագրել էր 7 միավոր գույք Չեխիայի մայրաքաղաք Պրահայում (5 բնակարան, 2 հողամաս, 1 առանձնատուն):

Նկատենք, որ չեխական գույքի մի մասը Մարությանի միանձնյա, մյուս մասն էլ կնոջ հետ համատեղ սեփականություն է, ինչը մենք ճշտել էինք այդ երկրի կադաստրից:
Փաստորեն, ԿԸՀ-ին թեկնածու Հ. Մարությանը ներկայացրել էր 10 միավոր անշարժ գույք Երևանում ու Պրահայում:

Բայց քաղաքապետ ընտրվելուց հետո նա ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին (նախկինում՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով) ուղարկել է պաշտոնի ստանձնման հայտարարագիր, որտեղ անշարժ գույքի տվյալներն այլ են:
Այսպես՝ ի տարբերություն ԿԸՀ-ին ներկայացրած 10 միավոր անշարժ գույքի՝ քաղաքապետ դարձած Հ. Մարությանը հիշատակել է կրկնակի շատ՝ 21 միավոր գույք, որոնք բոլորն էլ նշված են իբրև համատեղ սեփականություն: Բայց փաստենք, որ այս շոշափելի տարբերությունը նոր գույքի ձեռքբերմամբ չի բացատրվում, քանի որ 2018-ին ԿԸՀ-ին և հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրերի միջակայքում Մարությանը նոր գույք չի գնել: Ավելին՝ նա այդ գույքը ձեռք է բերել 2006-ի մարտից մինչև 2018-ի հունիս: Այս մասին տեղեկանում ենք 2019 թ. նրա տարեկան հայտարարագրից, որը լրացված է նոր ձևաչափով:

ԿԸՀ-ին և հանձնաժողովին ներկայացրած փաստաթղթերի միջև շոշափելի տարբերության պատճառը պարզելու համար դիմել ենք քաղաքապետին:

Մարությանը նշել է, որ 2018-ին ԿԸՀ-ին չի ներկայացրել երևանյան այն գույքը (4 հատից 2-ը՝ բնակարան և ավտոտնակ Կենտրոն վարչական շրջանում), որն իր կնոջ անունով է գրանցված: Բայց այս գույքը, ըստ պաշտոնյայի, ավելի ուշ ներկայացրել է հանձաժողովին իբրև համատեղ սեփականության իրավունքով իրեն պատկանող, քանի որ «հանձնաժողովի կողմից հայտարարագրերի էլեկտրոնային ռեեստրում տեղադրված ուղեցույցի համաձայն՝ հայտարարագրման ենթակա անշարժ գույքը, որը հանդիսանում է ամուսինների համատեղ սեփականությունը, հայտարարագրվում է նրանցից միայն մեկի կողմից` որպես համատեղ սեփականություն»։

Այսինքն՝ Մարությանը հիմք է ընդունել հանձնաժողովի ուղեցույցը և կնոջ անունով գրանցված, սակայն ամուսնության ժամանակ ձեռք բերված և ՀՀ օրենսդրությամբ համատեղ սեփականություն համարվող գույքը ներկայացրել է հանձնաժողովին:

Թվում է, թե այս պարագայում Հ. Մարությանը կարող էր ԿԸՀ-ին ևս ներկայացնել կնոջ անունով գրանցված, բայց ամուսնության ընթացքում ձեռքբերված գույքը, որը ՀՀ օրենսդրությամբ համարվում է նրանց երկուսի համատեղ սեփականությունը:

Իսկ թե ինչու է Հ. Մարությանը 2018-ին ԿԸՀ-ին ներկայացրել Պրահայում ունեցած 8 միավոր անշարժ գույք, որը հանձնաժողովին տրամադրած հայտարարագրում դարձել է 17, նա պարզաբանել է, որ դա տեղի է ունեցել հայտարարագրման տարբեր մեթոդաբանությունների արդյունքում:

«2018 թ. պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Չեխիայում ինձ և կնոջս համատեղ սեփականության իրավունքով պատկանում է 5 բնակարան, 1 առանձնատուն և 2 հողամաս (2018-ին գրել էինք, որ սրանց մի մասը գրանցված է Հ. Մարությանի անունով, մյուսներն էլ զույգի անունով է: Բայց քաղաքապետը դրանք բոլորը համատեղ սեփականություն է համարում՝ հենվելով վերը նշված օրենսդրական նորմերի վրա- հեղ.): Սակայն տվյալ 5 բնակարանները ունեն փոքրիկ խորդանոց, իսկ 4-ը՝ նաև ավտոկայանատեղի: Տվյալ խորդանոցները և ավտոկայանատեղիները ձեռք են բերվել բնակարանների ձեռքբերման հետ միաժամանակ՝ մի պայմանագրով, և ունեն նույն կադաստրային հաշվառման համարը, և այդ տեսանկյունից ԿԸՀ ներկայացվող հայտարարագրում չեն դիտարկվել որպես առանձին գույքային միավորներ: Մինչդեռ հանձնաժողովի կողմից հաստատված հայտարարագրերի լրացման կարգի համաձայն՝ դրանք դիտարկվել են առանձին գույքային միավորներ, և դրանցից յուրանքանչուրի մասով հայտարարագրում կատարվել է առանձին գրառում»,- «Հետքին» փոխանցել է Հ. Մարությանը:

Տեխնիկական վրիպակ և չկայացած գործարք

Հետաքրքիր է, որ քաղաքապետը 2019 թ. տարեկան հայտարարագրում, որն, ինչպես ասվեց, լրացվել է նոր ձևաչափով, նշել է, որ 2018-ի հունիսին 1 բնակարան, 1 հողամաս և 1 միավոր ոչ բնակելի տարածք է ձեռք բերել Պրահայում, այնինչ մինչ այդ լրացրած 2018 թ. տարեկան հայտարարագրում նոր գույքի ձեռքբերման մասին չէր նշել:
Պաշտոնյան հայտնել է, որ խոսքը Պրահայի Կրեյչիհո փողոցում գտնվող գույքի մասին է, որին, ի դեպ, մենք անդրադարձել էինք:

Իսկ 2018 թ. տարեկան հայտարարագրում գույքը չներկայացնելու պատճառը, ըստ Հայկ Մարությանի, տեխնիկական վրիպակն է: «Այդ բնակարանի և հողամասի առկայության վերաբերյալ նշել եմ ինչպես ԿԸՀ ներկայացված հայտարարագրում, այնպես էլ 2018 թ. պաշտոնի ստանձման հայտարարագրում: Սակայն, 2018 թ. տարեկան հայտարարագրում այս ձեռքբերումը տեխնիկական վրիպակի պատճառով նշված չի եղել, և ներկայումս վրիպակը ուղղման ընթացքում է, որի ավարտից հետո հայտարարագիրը կրկին կհրապարակվի հանձնաժողովի կայքում սահմանված կարգով»,- «Հետքին» տեղեկացրել է նա:

Ավելի մանրամասն՝ hetq.am