Ռուսաստանը կարողացել է հաղթահարել ահռելի բարդության մարտահրավերը։ Այս հայտարարությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արել է այսօր քաղաքացիներին հղած ուղերձում։
Պուտինն ամփոփել է Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի նախնական արդյունքները։ Նրա խոսքով՝ այս համավարակը բաժանել է կյանքը «մինչև»–ի ու «հետո»-ի։ Սկզբում իշխանությունը մասնագետների հետ ամեն օր վերլուծում էր իրավիճակը։ Ապա COVID-19-ի դեմ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հաջողվեց ժամանակ շահել ու հետաձգել համավարակի պիկը մեկ-մեկուկես ամսով։ Հետո Ռուսաստանում ոչ աշխատանքային օրեր հայտարարվեցին, ինչը ժամանակին էր արված ու հիմնավորված էր։ ՌԴ նախագահի կարծիքով՝ այդ միջոցները տասնյակ հազարավոր մարդկանց կյանքեր փրկեցին։
Նա ավելացրել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարելու ճկուն մոդելը՝ դաշնային միջոցառումներն ու մարզերին տրված լրացուցիչ լիազորությունները, իրենց արդարացրեցին։
«Բոլորիս համար էլ դժվար է ու ծանր ժամանակներ էին, սակայն հասարակությունը խուճապի չմատնվեց», -ասել է Պուտինը։
Նա նշել է, որ մարդկանց միավորում էր իրավիճակի հստակ ընկալումն ու այն գիտակցումը, որ միայն միասին է կարելի հաղթել։
Նա շնորհակալություն է հայտնել քաղաքացիներին, սեփական առողջության ու շրջապատի անվտանգության հանդեպ պատասխանատու վերաբերմունքի համար։
Նյութը լրացվում է։