Հայաստանի Հանրապետությունում հուլիսի 2-ից մեկնարկող միասնական քննություններն անց են կացվելու Արարատի, Գեղարքունիքի, Արմավիրի, Արագածոտնի մարզերում և Երևանում:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
«Այս տարի մենք անց ենք կացնելու ընդունելության միայն մեկ քննություն և հաշվի ենք առնելու այլ բաղադրիչներ՝ այդ թվում նաև օլիմպիադաների մասնակցությունը, միջին գնահատականը, մասնագիտական առարկաներից գնահատականները և այլն: Միասնական քննությունները մեկնակելու են հուլիսի 2-ին («Օտար լեզուներ»), այնուհետև շարունակվելու են հուլիսի 4-ին («Հայոց պատմություն», «Աշխարհագրություն», «Քիմիա»), հուլիսի 6-ին՝ («Մաթեմատիկա») և հուլիսի 8-ին («Հայոց լեզու և հայ գրականություն», «Կենսաբանություն, «Ֆիզիկա»)»,- նշեց Հարությունյանը:
Նրա խոսքով՝ դիմորդներն էլեկտրոնային փոստի միջոցով արդեն իսկ սկսել են ստանալ տեղեկությունը, թե որ քննական կենտրոնում են հանձնելու քննությունը:
Նախարարն ընդգծեց, որ ուղարկվող անցագրերով կարող են ներկայանալ քննական կենտրոն: