Մտանք Բեռլին. Հաղթանակի 75-ամյակին նվիրված նամականիշը տպագրվել է 40 000 տպաքանակով (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մտանք Բեռլին. Հաղթանակի 75-ամյակին նվիրված նամականիշը տպագրվել է 40 000 տպաքանակով

Այսօր «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի բաց տարածքում տեղի է ունեցել «Հայփոստ» ՓԲԸ-ի թողարկած և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված նամականիշի մարման արարողությունը: Տեղեկությունը հայտնում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մամուլի ծառայությունը։

Նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գոռ Մելիքյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Կարապետյանը և Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Նամականիշի վրա պատկերված է գնդակոծված պատ, որի վրա ածուխով գրված է «Մտանք Բեռլին» գրառումը: Նամականիշի վերևի աջ անկյունում նկարված է «75» թիվը՝ խորհրդանշելով Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակը:

280 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը 40 000 տպաքանակով տպագրվել է Ֆրանսիայի «Cartor» տպագրատանը: Նամականիշի դիզայնի հեղինակն է «Հայփոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը:

1992 թ.-ից առ այսօր «ՀայՓոստը» թողարկել է Հայրենական մեծ պատերազմի թեմատիկային առնչվող 19 նամականիշ և 3 գեղաթերթիկ:

armeniasputnik.am