Այսօր մամուլում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի (հայտնի է որպես «Թաղման բյուրո») տնօրեն Արման Իսկանդարյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել և մոտ մեկ ամիս է` այլևս չի պաշտոնավարում:
AntiFake.am-ի հետ զրույցում Արման Իսկանդարյանը հաստատեց այդ տեղեկությունները: Վերջինս նշեց, որ այս փուլում ավելի ճիշտ է գտել հեռանալ զբաղեցրած պաշտոնից։ Թե որ ոլորտում է շարունակելու գործունեությունը, Իսկանդարյանը դեռևս չի որոշել:
Մեկնաբանելով մամուլում տեղ գտած այն տեղեկությունները, թե իրեն հասցրել են նրան, որ «ինքնակամ» դիմում գրի և հեռանա` Իսկանդարյանը հերքեց այս տեղեկությունները` նշելով որ աշխատանքային խնդիրներ չի ունեցել:
Այն հարցին, թե արդյո՞ք նա տեղյակ է, թե ով է փոխարինելու իրեն` Իսկանդարյանը պատասխանել է. «Տեղյակ չեմ, թե ով է նշանակվելու այդ պաշտոնում: Ներկայումս այդ պարտականությունները կատարում է իմ առաջին տեղակալը՝ որպես ժամանակավոր պաշտոնակատար»: