Թոքաբո՞րբ, սեպսի՞ս. Երեւանում 29-ամյա ծննդկանի մահվան պատճառն անհայտ է մնում
Advertisement 1000 x 90

Թոքաբո՞րբ, սեպսի՞ս. Երեւանում 29-ամյա ծննդկանի մահվան պատճառն անհայտ է մնում

Հունիսի 9-ին հարազատները Սաթենիկի հետ խոսել են հեռախոսով: Նա թույլ է եղել, սակայն գիտակից վիճակում, բոլորին ճանաչել է: Նույնիսկ հիշել է, որ մոռացել է շնորհավորել ընկերուհու ծննդյան օրը:

Աղջկա հարազատները հույս ունեին, որ վատագույնն անցյալում է, եւ նա արագ կվերականգնվի: Դրան նախորդել են դժոխքի 40 օրերը, ինչպես նկարագրում են Սաթենիկի հարազատները: 29-ամյա Սաթենիկ Աթալյանի վիճակը մերթ լավացել է, մերթ կտրուկ վատացել:

Հաջորդ օրը՝ հունիսի 10-ին, Սաթենիկը մահացել է՝ երեխայի ծնվելուց 42 օր անց: Իր նորածին դստերը նա այդպես էլ չի տեսել:

Ի՞նչ է տեղի ունեցել Սաթենիկի հետ:

Սոնան՝ Սաթենիկի մայրը, NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ թե՛ առաջին, թե՛ երկրորդ ծննդաբերության ժամանակ Սաթենիկը մշտապես հաճախել է «Շենգավիթ» ԲԿ կոնսուլտացիաների եւ արել է ամեն ինչ, ինչ ասել են բժիշկները:

«Վերջին անգամ Սաթենիկը կոնսուլտացիայի է գնացել ապրիլի 20-ին, մի շարք հետազոտություններ է անցել, նաեւ ՈւՁՀ են արել եւ ասել, որ թե՛ ինքը, թե՛ երեխան առողջ են»,-պատմեց Սոնան:

Սակայն ապրիլի 29-ին երեկոյան Սաթենիկի վիճակը վատացել է, ճնշումը բարձրացել է մինչեւ 130/80, սրտխառնոց է սկսվել:

Նա միանգամից դիմել է ծննդատուն: Էպիկրիզում գրել են, որ նրա մոտ ախտորոշվել է ծանր պրեէկլամպսիա, լեղաքարային հիվանդություն, քրոնիկ խոլեցիստիտ եւ ալիմենտար պանկրեատիտ: Մինչ այժմ անհասկանալի է, թե արդյոք այդ հիվանդություններից որեւէ մեկը եղել է Սաթենիկի մոտ, թե՝ ոչ:

Մանկաբարձ-գինեկոլոգ Արաքս Հակոբյանը, ով վարել է Սաթենիկի ծննդաբերությունը, որոշել է նույն գիշերը կեսարյան հատում անել: Վիրահատությունը կատարել են ընդհանուր անզգայացմամբ, եւ երեխան ծնվել է հղիության 35-րդ շաբաթում:

Արդեն վիրահատությունից հետո պարզվել է, որ Սաթենիկի մոտ թոքերի այտուց է, երկկողմանի թոքաբորբ, սուր շնչառական դիսթրես համախտանիշ, սեպսիս եւ սեպտիկ շոկ: Այդ բոլոր ախտորոշումները որեւէ ընդհանրություն չեն ունեցել էպիկրիզում գրվածի հետ:

Սաթենիկի մոտ նաեւ կորոնավիրուս են կասկածել, երկու անգամ թեստ են անցկացրել, սակայն արդյունքները բացասական են եղել:

Մայիսի 1-ի առավոտյան Սաթենիկին ռեանիմոբիլով տեղափոխել են «Աստղիկ» ԲԿ: Այդ ժամանակ նրա ջերմությունը բարձրացել է մինչեւ 40 աստիճան, եւ ոչ մի դեղամիջոցով չի հաջողվել իջեցնել ջերմությունը: Սաթենիկի վիճակը գնահատվել է շատ ծանր՝ երկկողմանի թոքաբորբ, արյան մեջ ազոտի բարձր մակարդակ, վտանգավոր ցածր զարկերակային ճնշում:

Մինչեւ մայիսի 10-ը Սաթենիկի վիճակը դանդաղ դեպի լավն է գնացել: «Կա մի քանի նկար, որտեղ նրան նստեցնում են հաշմանդամի սայլակին… Մենք այնքան էինք ուրախացել: Նույնիսկ ասում էին, որ նրանք կարող են պալատ տեղափոխել»,-հիշում են աղջկա հարազատները:

Սակայն մայիսի 10-ից հետո Սաթենիկի վիճակը կտրուկ վատացել է. ճնշումը կրկին ընկել է, ջերմությունը կրկին բարձրացել է մինչեւ վտանգավոր ցուցանիշի: Թե ինչու է նրա վիճակը կտրուկ վատացել, բժիշկներից ոչ ոք չի հասկացել: Ասում էին, որ Սաթենիկի մոտ մանկաբարձական սեպսիս է, որը տեսականորեն կարող է շատ պատճառներ ունենալ: Տասնյակ անալիզներ են անցկացվել, սակայն ոչ մի արդյունք չեն ստացել:

Մայիսի 12-ին կոնսիլիում է հրավիրվել Երեւանի տարբեր բուժկենտրոններից առաջատար մասնագետների մասնակցությամբ: Քննարկման է դրվել արգանդը հեռացնելու անհրաժեշտության հարցը, չնայած բժիշկներն ասում էին, որ արգանդը վիրահատությունից հետո նորմալ վիճակում է: Հարազատների տվյալներով՝ կոնսիլիումի մասնակիցների կարծիքները տարբեր են եղել. մի մասը պնդել է, որ պետք է հեռացնել արգանդը, մյուս մասը պնդել է, որ պետք չէ:

Արդյունքում արգանդը որոշել են հեռացնել: Վերակենդանացման բաժնի ղեկավարն ասել է, որ եթե արգանդը չհեռացնեն, ապա ապրելու շանսեր չկան, իսկ եթե հեռացնեն, ապ շանսը 10-15 տոկոս է:

Սաթենիկի վիճակը վիրահատությունից հետո չէր լավանում, սակայն բժիշկները պնդում էին, որ արգանդն ամեն դեպքում պետք է հեռացնեին, սակայն հարազատները չէին հասկանում՝ ինչու: Նրանք չգիտեն, թե արդյոք հեռացված օրգանն ուղարկել են հիստոլոգիական հետազոտության կամ արդյոք արգանդի մեջ ինչ-որ վարակ է եղել:

Ինչ-որ ժամանակ անց Սաթենիկի վիճակը կրկին դանդաղ լավացել է, եւ մայիսի 25-ին նրան տեղափոխել են Երկրորդ հիվանդանոց, որտեղ նրան զննել է նյարդաբան Հովհաննես Մանվելյանը: Բժիշկներն ասել են, որ ամենասարսափելին արդեն անցյալում է, սակայն Սաթենիկը չէր կարողանում շարժել ոտքերը:

Նյարդաբանը շատ թանկ դեղ է նշանակել: Հարազատները հույս են ունեցել, որ այդ դեղը կօգնի վերադարձնել աղջկա ոտքերի շարժը, սակայն ավելի ուշ պարզվել է, որ դեղամիջոցը վարակների դեմ պայքարի համար իմունոգլոբուլիններ է պարունակում:

Այդ դեղով բուժումից 3 օր անց Սաթենիկի վիճակը կրկին վատացել է, ջերմությունը կրկին բարձրացել է:

Հունիսի 5-ին Սաթենիկի մոտ ներքին արնահոսություն է տեղի ունեցել, անոթներից մեկը, որը կարել են արգանդի հեռացումից հետո, պայթել է: Նրան կրկին վիրահատել են՝ արնահոսությունը դադարեցնելու համար:

Հունիսի 10-ին Սաթենիկը մահացել է:

Աղջկա հարազատները բազմաթիվ հարցեր ունեն, որոնց պատասխանները դեռ չեն ստացել. արդյո՞ք բժշկական սխալ է եղել կեսարյան հատման ժամանակ, արդյո՞ք վարակը սեպսիսի ու վիճակի կտրուկ վատացման պատճառ է դարձել, ո՞րն է եղել թոքաբորբի եւ սեպսիսի առաջացման պատճառը, ինչո՞ւ են հեռացրել արգանդն ու արդյո՞ք արգանդի մեջ վարակ է հայտնաբերվել: Եթե այո, ինչպես է այն այնտեղ հայտնվել: Հնարավո՞ր է, որ իմունոգլոբուլիններով դեղը վատացրել է Սաթենիկի վիճակն ու հանգեցրել մահվան:

Աղջկա հարազատները հույս ունեն, որ դատաբժշկական փորձաքննությունը ինչ-որ բան կպարզի:

«Մենք ուզում ենք, որպեսզի ճշմարտությունը բացահայտվի, եւ եթե կոնկրետ մարդիկ մեղավոր են, նրանք պետք է պատժվեն: Նրան, իհարկե, չենք վերադարձնի, սակայն, հնարավոր է, որ դրանով կպաշտպանենք երիտասարդ կանանց նման ճակատագրից», – ասաց Սաթենիկի մայրը:

Քննչական կոմիտեից NEWS.am Medicine-ին հայտնեցին, որ «Աստղիկ» ԲԿ-ում ծննդկանի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով եւ փոխանցվել է ՀՀ ՔԿ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին:

Այժմ հետաքննություն է ընթանում:

«Ձեռնարկվում են քննչական եւ դատական գործողություններ գործի հանգամանքների օբյեկտիվ, լիարժեք եւ բազմակողմ քննության համար», – հայտնեցին ՔԿ-ում:

news.am