Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Գյումրիում գտնվող Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) մասնակիցների սպասարկման կենտրոնի շահագործման գործընթացը կիրականացվի փուլային եղանակով: ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն այցելել է Շիրակի մարզ՝ տեղում ծանոթանալու ՊԵԿ տարբեր ստորաբաժանումների աշխատանքներին:
«Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների սպասարկման կենտրոնում առաջին փուլով կիրականացվեն միայն այն բեռների հետ կապված մաքսային գործառնությունները, որոնց արտահանման համար չեն պահանջվում ՀՀ պետական այլ մարմինների թույլտվության փաստաթղթեր»,–նշված է ՊԵԿ հաղորդագրության մեջ։
Այնտեղ արդյունքում ստեղծվելու է էլեկտրոնային կառավարման համակարգերի և թվային լուծումների վրա հիմնված՝ ԱՏԳ մասնակիցների սպասարկման կենտրոն:
Կառույցը գործելու է «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքով։ Այսինքն` տնտեսվարողը մեկ վայրում կարողանալու է կատարել մաքսային ձևակերպումների բոլոր գործարքները, այդ թվում` նույն վայրում տեղակայված տարբեր գերատեսչություններից ստանալ անհրաժեշտ թույլտվությունները:
Կենտրոնը բարձր որակավորում ունեցող մաքսային ծառայողներով ապահովելու նպատակով Հյուսիսային մաքսատուն–վարչությունում ծառայություն իրականացնող աշխատակիցները վերապատրաստվում են։