Հայր Զաքարիա. «ԿԳՄՍ փոխնախարարի մտքերը ամբողջովին չեն արտահայտում իրական գործընթացը». aravot.am
Advertisement 1000 x 90

Հայր Զաքարիա. «ԿԳՄՍ փոխնախարարի մտքերը ամբողջովին չեն արտահայտում իրական գործընթացը». aravot.am

Հունիսի 27-ին «Պարադիգմա կրթական հիմնադրամի» կազմակերպած մեկշաբաթյա առցանց համաժողովի հերթական քննարկման ժամանակ ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը անդրադարձել է կրթական նոր չափորոշիչից և ծրագրերից «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի դուրս բերման որոշմանը։ Իր խոսքում փոխնախարարը նաև նշել է, որ այս առնչությամբ աշխատանքային փակ հանդիպումների ժամանակ քննարկումներ են եղել եկեղեցու ներկայացուցիչների հետ, և եկեղեցու ու նախարարության միջև առկա է սերտ համագործակցություն։

Թեմայի վերաբերյալ պարզաբանման և Մայր Աթոռի դիրքորոշման համար Aravot.am-ը դիմել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանին։

«Ցավով համացանցից տեղեկացանք նման որոշման մասին։ Փոխնախարարի արտահայտած մտքերը տարակարծության տեղիք են տվել հանրության մեջ և ամբողջովին չեն արտահայտում իրական գործընթացը։

Քանի որ այս կապակցությամբ Մայր Աթոռում արդեն ստացվել են ահազանգեր և փոխանցվել բազում մտահոգություններ, հարկ ենք համարում խնդրի վերաբերյալ մեկ անգամ ևս հնչեցնել Մայր աթոռ սուրբ Էջմիածնի տեսակետները։

Նախ, հիշյալ առարկայի հարցը համապատասխան քննության համար փոխանցվեց 2019 թ. հունվար 29-ին ստեղծված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հայաստանի Հանրապետության հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբի՝ կրթական հարցերով ենթախմբին։ Հանձնախմբում, որի համակարգողն է Եկեղեցու կողմից Շիրակի թեմի առաջնորդ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, առաջադրել է մի շարք հարցեր՝ առնչված «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդմանը, այդ առարկայի դասագրքերի ծրագրային համատեղ քննարկմանը, առարկայի ուսուցիչների պատրաստմանը և վերապատրաստմանը, դպրոցներ եկեղեցականների այցելելու վերջին շրջանի սահմանափակումներին, ԿԳՄՍՆ հետ կրթական հաստատություններում, այդ թվում և դպրոցներում ազգային, եկեղեցական տոների առիթով միջոցառումների կազմակերպմանը և այլն։

Սակայն տեղեկացնենք նաև, որ ցայսօր կրթական հարցերով ենթահանձնախմբի անդամների միջև տեղի է ունեցել մեկ հանդիպում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում։ 2019 թ․ հունիսի 17-ին՝ աշխատանքային առաջին հանդիպման ժամանակ, քննարկվել են կրթական ընդհանուր բարեփոխումներին և «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի չափորոշչի մշակմանը և ուսուցիչների վերապատրաստությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Եկեղեցու պատվիրակների կողմից այն հստակ հարցադրմանը, թե օրակարգում արդյոք գոյություն ունի՞ առարկան հանելու հարց, ՀՀ ԿԳՄՍ նախարարի նախկին տեղակալ տիկին Արևիկ Անափիոսյանի կողմից վստահեցվել է, որ բացարձակապես խնդիր դրված չէ «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան դուրս հանել պարտադիր ուսուցման առարկաների ցանկից: Ընդհակառակը, համատեղ որոշվել է այս ուղղությամբ շարունակել քննարկումները և առավել որոշակիացնել երկուստեք տեսակետները։

Հետագա ամիսներին որևէ այլ քննարկում թեմատիկ այս խմբում չի ծավալվել՝ պայմանավորված թերևս այն հանգամանքով, որ Կառավարության կողմից ենթախմբի պատասխանատու նշանակված ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն ազատվել է պաշտոնից և որպես ենթախմբի պատասխանատու՝ այլ անձ չի նշանակվել:

Պետք է հավելենք, որ Մայր Աթոռի նախաձեռնությամբ 2020 թ․ մայիսի 12-ին տեղի է ունեցել Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ տիկ․ Ժաննա Անդրեասյանի միջև, որի ընթացքում Եկեղեցու կողմից բարձրաձայնվել է կրթական հարցերով ենթախումբը վերաձևավորելու` Կառավարության կողմից պատասխանատու անձ նշանակելու և իրավասու պաշտոնյաներով համալրելու անհրաժեշտությունը՝ առաջադրված խնդիրները քննարկելու և լուծումներ առաջարկելու նպատակով: Ցայսօր բարձրացված խնդիրը մնացել է անարձագանք, և ենթախումբն իրականում որևէ նիստ չի գումարել։ Եթե սա արտահայտությունն է, ըստ փոխնախարարի, Եկեղեցու և նախարարության միջև սերտ համագործակցության, ապա ասելիք չկա»։

Ամբողջությամբ՝ aravot.am



Նման նյութեր