Առաջիկա օրերին Արցախում արտադրված բժշկական նշանակության տարբեր պարագաներ կուղարկվեն ԱՄՆ։ Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Դավիթ Մելքումյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ օգնությունը մեծ չի լինի, բայց խորհրդանշական բնույթ կունենա. դրանով Արցախի Հանրապետությունն իր հնարավորությունների սահմաններում կմիանա կորոնավիրուսի համավարակի դեմ համաշխարհային պայքարին։
«Մեծ սիրով տեղեկացնում եմ, որ պետական համապատասխան կառույցների ղեկավարների՝ խորհրդարանի նախագահի, պետնախարարի, ԱԳ նախարարի հետ կառուցողական քննարկումների արդյունքում համաձայնություն ձեռք բերվեց Արցախի ժողովրդի անունից Արցախում արտադրված բժշկական նշանակության պարագաներ ուղարկել Կալիֆոռնիա նահանգ՝ օգնելու ԱՄՆ բարեկամ ժողովրդին և մեր հայրենակիցներին կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում»,- գրել է Մելքումյանը։
Այս գաղափարի համար ԱԺ պատգամավորը շնորհակալություն է հայտնել քաղաքագետ Սուրեն Սարգսյանին։