Աղտոտված օդը կարող է պատասխանատու լինել աշխարհում սրտի և գլխուղեղի կաթվածների 14 տոկոսի համար. հետազոտություն
Advertisement 1000 x 90

Աղտոտված օդը կարող է պատասխանատու լինել աշխարհում սրտի և գլխուղեղի կաթվածների 14 տոկոսի համար. հետազոտություն

Աղտոտված օդը կարող է լինել սրտի և անոթների հիվանդությունների զարգացման ռիսկի լուրջ գործոն. սրտի և գլխուղեղի կաթվածների 14 տոկոսը զարգանում է աղտոտված օդի բացասական ազդեցության հետևանքով: Այս մասին վկայում է խոշոր հետազոտությունը, որը հրապարակվել է The Lancet Planetary Health-ում:

Գիտնականների խոսքով՝ աղտոտված օդի երկարատև ազդեցությունը կարելի է համարձակորեն համարել սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների զարգացման ռիսկի էական ինքնուրույն գործոն: Ավելին՝ եթե օդը նույնիսկ մի փոքր մաքրվի, մարդկանց առողջությունը զգալիորեն կբարելավվի, կարծում են գիտնականները:

Հետազոտությունն ընդգրկել է 15 տարվա տվյալները: Դրանք տեղեկություններ են ներառում 21 երկրներից 35-ից մինչև 70 տարեկան գրեթե 160 հազար մարդկանց մասին: Յուրաքանչյուր մասնակցին հետազոտել են ոչ պակաս 9 տարի: Առավել զգալի կապ է հայտնաբերվել աղտոտված օդի և կաթվածի հավանականության միջև:

Գիտնականները հաշվարկել են, որ օդի մեջ 2,5 միկրոմետր տրամագծով (PM 2,5) մասնիկների խտության 10 տոկոսով մեծանալու դեպքում մարդիկ 5 տոկոսով ավելի հաճախ են բախվում սիրտ-անոթային հիվանդությունների: Գիտնականների խոսքով՝ իրավիճակն ավելի լուրջ է, քան կարելի էր ենթադրել. այդպիսի աղտոտման հետ կարելի է կապել աշխարհում սրտի և գլխուղեղի կաթվածների 14 տոկոսը:

«Եթե նվազեցնեք մթնոլորտային օդի աղտոտվածությունը, ապա կհայտնաբերեք բնակչության շրջանում սրտի և անոթների առողջության բարելավում»,- ասել է Oregon State University-ից համաճարակաբան Փերի Հայսթեդը:

Նախկինում կարծիք կար, որ սրտի առողջության համար օդը մաքրելու օգուտը զգալի կլինի միայն այն երկրներում, որտեղ աղտոտման մակարդակը չափից ավելի բարձր է: Սա առաջին հերթին վերաբերում էր զարգացող երկրներին: Հիմա պարզվել է, որ դա տարածվում է եկամտի ցանկացած մակարդակով երկրի վրա:

med.news.am