2021թ-ին Հայաստանում կավելանա գույքահարկի իրավահաջորդ անշարժ գույքի հարկը, որը երկար ժամանակ շատ ցածր էր։ Մեր բնակարանների կադաստրային արժեքը, որից հաշվարկվելու է հարկը, շատ ավելի մոտ կլինի անշարժ գույքի շուկայական գներին։ Sputnik Արմենիան փորձել է պարզել, թե որքան զգալի կլինի հարկի բարձրացումը՝ պարզության համար դիտարկելով Երևանի բնակարանները։
Հարկային դրույքաչափերը կփոխվեն, սակայն ամենաշատը կփոխվի անշարժ գույքի գնահատման մեթոդաբանությունը։
Նախևառաջ կբարձրանա 1 քմ բնակտարածքի բազային գնահատումը։ Հիմա այն կազմում է 1 քմ-ի համար 230 հազար դրամ՝ պանելային և մոնոլիտ շենքերում, և 255 հազար դրամ՝ քարե շենքերում։ 2021 թ․-ից այն կավելանա մինչև 700 հազար դրամ։ Կբարձրանան նաև քաղաքի կենտրոնում և մոտակա թաղամասերում բնակարանների գոտիականության գործակիցները։