
Ռուսաստանի Վոլգոգրադի շրջանի գյուղերից մեկի 27-ամյա բնակչի դեմ քրեական գործ է հարուցվել՝ իր տանը Հայաստանի Հանրապետության 29 քաղաքացի գրանցելու համար։ Տեղեկությունը հայտնում է ռուսական «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականը։
Ըստ պարբերականի տեղեկության՝ 27-ամյա կինը մեծ գումարի դիմաց համաձայնել է 29 միգրանտի գրանցել իր տան վրա, թեև իր տունը ընդամենը 64 քմ է։
Հայաստանի քաղաքացիները նրա տանը չեն բնակվել, տան գրանցումը նրանց հնարավորություն է տվել ապրել և աշխատել Ռուսաստանում։
Ռուսաստանի ներքին գործերի նախարարության տեղական գլխավոր վարչությունից թերթին փոխանցել են, որ բնակչուհին տեղյակ չի եղել, որ իր՝ նման արարքը կարող է քրեական պատասխանատության հիմք դառնալ։
«Առաջին դեպքը չէ, Վոլգոգրադի շրջանում մարդիկ գումարի դիմաց օտարերկրացիներին գրանցում են իրենց տներում։ Սակայն նման փաստերը թաքուն պահել անհնար է, ոստիկանությունը պարբերաբար ստուգայցեր է կատարում», – ասել են վարչությունից։
27-ամյա կնոջ դեմ քրեական գործ է հարուցվել «օտարերկրացիների ֆիկտիվ գրանցման» հատկանիշներով: Նրան սպառնում է մինչև երեք տարվա ազատազրկում։