Հուլիսի 4-ին կկայանա բարեգործական համերգ՝ նվիրված քաղցկեղ ունեցող երեխաներին
Advertisement 1000 x 90

Հուլիսի 4-ին կկայանա բարեգործական համերգ՝ նվիրված քաղցկեղ ունեցող երեխաներին

Աշխարհի տարբեր երկրներում ապրող ճանաչված արվեստագետներն, անտեսելով կորոնավիրուսի (Covid-19) տարածման պատճառով աշխարհում ստեղծված իրավիճակը, միավորվել են «Միասին երեխաների համար» խորագրով բարեգործական միջոցառման շուրջ՝ օգնելու քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին:

Ինչպես տեղեկացրեցին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, հուլիսի 4-ին, Երևանի ժամանակով 22:00-ին Հանրային հեռուստաընկերությամբ և «Togetherforchildren» YouTube-յան ալիքով հեռարձակվող համերգային երեկոյին միացել են Արա Մալիկյանը (Իսպանիա), Արա Գևորգյանը (Հայաստան), Հարութ Փամբուկչյանը (ԱՄՆ), Ռոզի Արմենը (Ֆրանսիա), Սիբիլը (Թուրքիա), Վահե Բերբերյանը (ԱՄՆ), Սերժ Ավետիքյանը (Ֆրանսիա), Սեպուհ Սիմոնյանը (ԱՄՆ), Լենա Շամամյանը (Սիրիա), Սերուժ Քրաջյանը (Կանադա), Էլի Բերբերյանը (Կանադա), Կև Օրկիյանը (Անգլիա), Նյու Դոկտա/ New Docta խումբը (ԱՄՆ), Ալվարո Հակոբյանը (Ուրուգվայ), «Գուսան» նվագախումբը (Արգենտինա):

Միջոցառման կազմակերպիչն արգենտինահայ հեռուստահաղորդավար, պրոդյուսեր Լեո Մոմջյանն է:

Համերգի միտքը ծագել է Լեո Մոմջյանի հեղինակային՝ «Ayres de Armenia» ռադիոհաղորդման ընթացքում։ Հարցազրույցներից մեկի ժամանակ պոլսահայ երգչուհի Սիբիլին պատմել է, որ ցանկանում է աշխարհի հայ երաժիշտների մասնակցությամբ համերգ կազմակերպել: Սիբիլը խանդավառվել է գաղափարով և իր աջակցությունը հայտնել՝ միաժամանակ առաջարկելով համերգը ծառայեցնել բարեգործական նպատակի:

«Միասին երեխաների համար» խորհրդանշական խորագիրը կրող միջոցառման հասույթն ուղղվելու է «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամին, որի առաքելությունն է օգնել քաղցկեղ ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին՝ հիվանդությունը հաղթահարելու դժվարին ճանապարհին:

Գործունեության երկու տարվա ընթացքում «City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամը ՀՀ-ից և Արցախից մինչև 25 տարեկան ավելի քան 300 երեխայի և երիտասարդի ապահովել է անվճար բուժմամբ, դեղորայքով, վիրահատական միջամտությամբ, օրական 4-անգամ սնունդով և սոցիալ-հոգեբանական ծառայությամբ։ Այս ընթացքում հիմնադրամը տրամադրել է ավելի քան 495.000.000 ՀՀ դրամի աջակցություն։ Ամսական կտրվածքով հիմնադրամը տրամադրում է 30-40 միլիոն դրամի աջակցություն։ Հիմնադրամի կարևորագույն ծրագրերից մեկն է Հայաստանում մանկական քաղցկեղի պալիատիվ օգնության առաջին բաժանմունքը և հյուրատան կառուցումը։ Մանկական քաղցկեղի պալիատիվ օգնության առաջին բաժանմունքի շինարարությունն արդեն մեկնարկել է։

Համաձայն վիճակագրության ՀՀ-ում և Արցախում քաղցկեղից բուժվում է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների 70 տոկոսը։

«City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն է։