COVID-19-ով երեխաների մոտ շնչառականի փոխարեն կարող են հայտնվել նյարդաբանական ախտանիշներ, նշված է նոր հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են JAMA Neurology ամսագրում:
Հետազոտության հեղինակները՝ Լոնդոնի Համալսարանական քոլեջի (University College London) մասնագետները, վերլուծել են համաճարակի պիկի շրջանում (մարտի 1-ից մայիսի 8-ը) Great Ormond Street Hospital for Children հիվանդանոցում COVID-19-ով երեխաների հոսպիտալացման բոլոր դեպքերը, հայտնում է Medportal-ը: Նրանք պարզել են, որ կորոնավիրուսով երեխաների մոտ կարող են նյարդաբանական ախտանիշներ հայտնվել նույնիսկ այն դեպքում, եթե չկան շնչառական հիվանդություններին հատուկ նշաններ (հազ, հարբուխ և այլն):
Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ կորոնավիրուսային ինֆեկցիան կարող է ախտահարել կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգը: Այսպիսի բան կարող է տեղի ունենալ մանկաբուժական բորբոքային բազմահամակարգային համախտանիշի ֆոնին, որն առաջացնում է կորոնավիրուսը (PIMS-TS), և որը մեծապես նման է Կավասակիի անչափ հազվադեպ հիվանդությանը: Մեծ Բրիտանիայում ներկայումս գրանցված է PIMS-TS-ի 150 դեպք:
Վերլուծելով հոսպիտալացված երեխաների մասին տվյալները՝ գիտնականները հայտնաբերել են, որ 27 երեխաների մոտ ախտորոշվել է PIMS-TS դրան հատուկ նշաններով՝ տենդ, ցան, աչքերի և բերանի խոռոչի լորձաթաղանթի կարմրություն, փորացավ: Նրանցից չորսի մոտ հայտնաբորվել են նաև ծանր նյարդաբանական ախտանիշներ՝ գլխացավ, շնչառության և սրտազարկի խանգարում, մկանային թուլություն, կլման ֆունկցիայի և խոսքի ապարատի նվազում: Ընդ որում՝ երեխաների մոտ չկային շնչառական ախտանիշներ, որոնք սովորաբար լինում են COVID-19-ին նման ինֆեկցիաների դեպքում:
Ուղեղի մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան ցույց է տվել, որ նյարդաբանական ախտանիշներով բոլոր փոքրիկ պացիենտների մոտ կոշտուկային մարմնի փոփոխություններ են եղել: Բուժման ընթացքում 4 երեխայի մոտ էլ բարելավում է նկատվել, ընդ որում՝ նրանցից երկուսն ապաքինվել է դեռևս հետազոտության ժամանակ:
Հետազոտողների խոսքով՝ բուժումից կարճ ժամանակ անց երեխաների մեծ մասը վերադարձել է նորմալ հոգեվիճակի: Բայց ավելի երկարատև հետազոտության անհրաժեշտություն կա, հասկանալու համար՝ արդյոք կրկնվելու հավանականություն կա՞ և այդ վիճակը ինչպիսի՞ հետևանքներ կարող է ունենալ:
COVID-19-ով երեխաների մոտ շնչառականի փոխարեն կարող են հայտնվել նյարդաբանական ախտանիշներ
| Դիտվել է`
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ