Արդեն 5 տարի հայկական դիմակներ արտադրող «Սալյուս» ընկերությունից 15 օր է պետական կառույցները դիմակներ ձեռք չեն բերում, ընկերությունը կանգնած է լուրջ խնդրի առաջ: Ընկերության տնօրեն Ժիրայր Մանդալյանը Tert.am-ի հետ զրույցում նշում է՝ երկընտրանքի առաջ են կանգնած՝ շարունակե՞ն արտադրությունը, թե՝ ոչ, և հավելում՝ չնայած արդեն անիմաստ է շարունակելը:
– Պարո´ն Մանդալյան, պետական կառույցները շարունակո՞ւմ են Ձեր արտադրած դիմակներից ձեռք բերել:
– Հիմա այնպիսի անորակ խաղացողներ են մտել շուկա, որ մերը չեն վերցնում, նրանցն էժան է, անորակ, նրանց են վերցնում: Այսօրվա դրությամբ չենք տալիս, արդեն 15 օր կլինի, որ չենք տալիս: Միայն շատ չնչին քանակությամբ Արդարադատության նախարարությանն ենք տվել, այդ էլ այնքան քիչ է, որ չեմ էլ հիշում:
– Ի՞նչն է պատճառը, որ ձեր արտադրանքից հրաժարվեցին:
– Ի՞նչ ասեմ, չգիտեմ, շուկայի օրենքներն են այդպես, մարդիկ որակին չեն նայում, կարևորը էժան լինի: Մերը հիմա 60 դրամ է:
– Նախապես կնքված պայմանագիր չի՞ եղել:
– Ոչ, ես երկարաժամկետ պայմանագիր չեմ ունեցել: Ոչ մեկն էլ երկարաժամկետ չի կնքում, մեկանգամյա պայմանագրեր են կնքում: Գիտեք ինչ, մեկն անորակ սարքում է 45, 55-ով տալիս է, բնականաբար, մարդիկ դա են գնում, բայց չեն հասկանում, որ անորակը դրած-չդրած նույնն է, իմաստ չունի:
– Պարո´ն Մանդալյան, «Տավուշ տեքստիլ»-ն էլ է 60 դրամով վաճառում, ինչպե՞ս է ստացվում, որ Ձեզ մոտ էլ է գինը նույնը, բայց նրանց են նախապատվություն տալիս։
– «Տավուշ տեքստիլը» շատ է արտադրում, մենք այդքան հզորություն չունենք, իրենք լցրել են շուկան քանակային առումով էլ, գնային առումով էլ: 60 դրամ գրում են, բայց կարող է օրինակ 55-ով են վաճառում: Գրելը կապ չունի, որովհետև մեծ քանակության դեպքում գներ են իջնում: Խնդիրը դրա մեջ է:
Ամբողջությամբ՝ tert.am