Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի գործընթացքում իրականացված աշխատանքների վերաբերյալ։
ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունը․
Հակահամաճարակային միջոցառումներ
- Մշակվել և գործադրվել է համաճարակի զարգացման փուլերին համապատասխան արտակարգ իրավիճակների արձագանքման երկու պլան:
- Ապահովվել է կորոնավիրուսային հիվանդության կասկածելի և հաստատված դեպքերի, տնային օջախների, կազմակերպությունների համաճարակաբանական հետազոտություն: Կազմակերպություններում մեթոդագործնական օգնություն է ցուցաբերվել հակահամաճարակային ռեժիմի ապահովման և լիարժեք գործադրման ուղղությամբ:
- Սահմանվել է համաճարակաբանական կապերի բացահայտում և հետագա 14-օրյա բժշկական հսկողություն Հայաստանի տարածք մուտք գործած (ցամաքային, երկաթուղային և օդային ճանապարհով) անձանց նկատմամբ:
- Մշակվել և ներդրվել է կորոնավիրուսային հիվանդությանհամավարակի ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական սահմանի բոլոր անցակետերով մուտք գործած անձանց և ախտորոշված կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պացիենտների հետ շփված անձանց, ինչպես նաև ախտորոշումը հաստատված անախտանիշ կամ ախտորոշման ճշտման անհրաժեշտություն ունեցող անձանց հատուկ կարանտինային վայրերում շարունակական համաճարակաբանական դիտարկման ուղեցույցը: Կորոնավիրուսային վարակով հիվանդների հետ շփված անձինք մեկուսացվել են կարանտինային վայրերում՝ ապահովելով նրանց առողջական վիճակի հսկողության, լաբորատոր հետազոտությունների համար՝ նմուշառման, տվյալների բազայի վարման և հակահամաճարակային միջոցառումների իրականացում՝ սահմանելով շուրջօրյա հերթապահություն: Կարանտինի ընթացքում (փետրվար-մայիս) մեկուսացվել և հսկողության է վերցվել 9225 քաղաքացի, որոնցից 32,8%-ում (3032) հայտնաբերվել են դրական դեպքեր: Թվով 30 կարանտինային վայրում աշխատանքները կազմակերպվել են բուժաշխատողների և կամավորների (շուրջ 400անձ) ներգրավմամբ:
- Ինքնամեկուսացման դեպքում` կատարվել է առողջական վիճակի դիտարկում, անձնական տվյալների հավաքագրում, մուտքագրում ԱՐՄԵԴ առողջապահական էլեկտրոնային ազգային միասնական համակարգ և տրամադրում պարետատուն՝ ինքնամեկուսացումն ապահովելու համար: Հուլիսի 5-ի դրությամբ ինքնամեկուսացվել է ընդհանուր առմամբ 83500 քաղաքացի:
- Կորոնավիրուսային վարակի կասկածով հիվանդների և մեկուսացված անձանց շրջանում իրականացվում են լաբորատոր հետազոտություններ: Հուլիսի 6-ի դրությամբ հանրապետությունում կատարվել է123815 լաբորատոր հետազոտություն:
- Հզորացվել են լաբորատոր կարողությունները՝ վերապրոֆիլավորում, սարքավորումների և ռեագենտների ձեռքբերում, մասնագետների վերապատրաստում, Սյունիքի, Լոռու, Շիրակի մարզերում նոր ՊՇՌ լաբորատորիաների ստեղծում՝ այս ամենի արդյունքում ապահովելով օրական 2000-ից ավելի նմուշի հետազոտության հնարավորություն` սկզբնական շրջանում կատարվող 300-ի փոխարեն:
- Բժշկական կազմակերպություններում ապահովվել է վարակի հսկողության (մեծ հոսքերի ժամանակ) և հակահամաճարակային ռեժիմի պահպանման գործընթացի համակարգումը:
- Մարտից ձևավորվել է 24/7 ռեժիմով գործող «Օպերատիվ զանգերի կենտրոն» և հունիսի 18-ի դրությամբ սպասարկվել է 83092 քաղաքացու զանգ: Նույն ժամանակահատվածում առողջապահության նախարարության թեժ գիծ ստացվել է 49196 զանգ:
Բժշկական կենտրոնների վերապրոֆիլավորում, հագեցում, կադրային ներուժ
- Վերապրոֆիլավորել և կորոնավիրուսային հիվանդությամբ են զբաղվում շուրջ 19 բժշկական հաստատություններ. Դրանք են` «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ծննդատան մասնաճյուղը, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը, Ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալը, Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը, Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը, Արտաշատի բժշկական կենտրոնը, Կապանի բժշկական կենտրոնը, Այրվածքաբանության ազգային կենտրոնում «Մեդլայն-կլինիկ» ԲԿ-ն (ընդունման, ախտորոշման և տեղափոխման կենտրոն), «Դիլիջան» բժշկական կենտրոնը, Սպիտակի բժշկական կենտրոնը, Վեդու բժշկական կենտրոնը, Մարտունու բժշկական կենտրոնը. բաժանմունքներ են առանձնացվել` «Էրեբունի», «Աստղիկ»և «Արմենիա» բժշկական կենտրոններում, Հերացի թիվ 1 կլինիկական հիվանդանոցում, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում, «Արաբկիր» բժշկական համալիրում, «Մուրացան» հիվանդանոցային համալիրում (նորածինների և շտապ վիրաբուժական միջամտության կարիք ունեցող երեխաների բուժում), «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում (երեխաների ախտորոշման և տեղափոխման կենտրոն): Այսպիսով` ծավալվել է 2612 մահճակալ, որից 287-ը վերակենդանացման բաժանմունքներում:
- Մշակվել և ներդրվել են կորոնավիրուսային հիվանդության նմուշառման, բուժման, դուրսգրման վերաբերյալ ուցեցույցներ և հրամաններ: Հաստատվել է «Արտահիվանդանոցային պայմաններում կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգը», համաձայն որի կորոնավիրուսային հիվանդության անախտանիշ և թեթև ընթացքով հաստատված COVID-19 պացիենտների և նրանց հետ սերտ շփում ունեցող անձանց բժշկական հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային պահպանման հաստատությունների կողմից: Հուլիսի 6-ի դրությամբ 9086 պացիենտ գտնվում է վերջիններիս հսկողության տակ:
- Կանոնակարգվել է «Շտապօգն’ության» ծառայության մեքենաների միջոցով (ներառյալ` վարորդ) շրջիկ բրիգադներով COVID-2019-ի կասկածով պացիենտների նմուշառման իրականացումը և տեղափոխումը:
- Բժշկական անձնակազմն ապահվվել է անհրաժեշտ պաշտպանիչ միջոցներով (դիմակ, ձեռնոց և ախտահանիչ միջոց):
- Կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի շրջանակներում Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում տեղակայված Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի մասնաշենքում մեկնարկել են վերանորոգման շինարարական աշխատանքներ: Կորոնավիրուսային վարակ և ինֆեկցիոն հիվանդություններից մահացած անձանց դիահերձում կատարելու նպատակով մասնաշենքը վերազինվում է:
- «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում նախագծվել և կառուցվել է մոտ 35 սպասասենյակ ունեցող մոդուլը, ինչպես նաև կառուցվել է համակարգչային տոմոգրաֆիայի նոր մասնաշենք:
- «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վիրասրահներից մեկը վերապրոֆիլավորվել է որպես ծնարան, որը հագեցված է գինեկոլոգիական սեղանով, դոպպլեր սարքավորումներով, ծննդալուծման համար անհրաժեշտ գործիքներով և պարագաներով, նորածնի ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման կենտրոնով:
- «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի լաբորատորիայում ընթանում են սարքավորումների հագեցման աշխատանանքեր` պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) հետազոտություններ իրականացնելու համար:
- «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում սկսել են շինարարական աշխատանքներ` 50 մահճակալային ֆոնդ ունեցող նոր վերակենդանացման բաժանմունք ծավալելու համար: Միաժամանակ, ԲԿ-ի առաջին հարկում նախատեսվում է ծավալել նոր ընդունարանային մաս, որտեղ իրականացվելու է պացիենտների տեսակավորումը ըստ ծանրության աստիճանների:
- «Էրեբունի» բժշակական կետնտրոնում ընթանում է շինարարական աշխատանքներ` 40 մահճակալային ֆոնդ ունեցող նոր վերակենդանացման բաժանմունք ծավալելու համար:
- Միքայելյան համալսարանական հիվանդանոցում ընդհանում են աշխատանքներ` 140 մահճակալային ֆոնդ ծավալելու համար, որից 40-ը վերակենդանացման համար:
- «Արաբկիր» բժշկական համալիրում 14 օրում կառուցվել էհերթական մեկուսարանը կովիդ-կասկածելի փոքրիկ պացիենտների ընդունելության համար։ Մեկուսարանն ունի 8 հիվանդասենյակ և 16 մահճակալ:
- Սահմանվել է ինքնամեկուսացված կոնտակտավորների արտահիվանդանոցային (տնային) պայմաններում բժշկական հսկողություն իրականացնող բժշկական կազմակերպությունների (ըստ զոնաների) և COVID-19-ով պայմանավորված կոնտակտավորների շարունակական հսկողություն իրականացնող բժիշկների ցանկը և Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված ինքնամեկուսացված կոնտակտավորների արտահիվանդանոցային (տնային) պայմաններում բժշկական հսկողության ընթացակարգը:
- Մարտիցկազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ բուժանձնակազմի համար: Հուլիսի 3-ի դրությամբ կորոնավիրոսային հիվանդության վերաբերյալ դասընթացներին մասնակցել է5680բուժաշխատող և վարչական աշխատող:
- Անցկացվել եննեղ մասնագիտական տեղական և միջազգային վեբինարների 20 քննարկում` նոր կորոնավիրուսային վարակի թեմայով, որին մասնակցել է 2270 բուժաշխատող:
- Բուժաշխատողների համար կորոնավիրուսային հիվանդության բուժման մասնագիտական խորհրդատվության տրամադրման նպատակով ստեղծվել և գործարկվել է առցանց բժշկական կոնսիլիումի հարթակ:
- Ստեղծվել է բուժաշխատողների տեղեկատվական բազա, որի հիման վրա հավաքագրվել է շուրջ 4500 հայտ, որից 1600-ը բուժանձնակազմ (բժիշկ, բուժքույր, մայրապետ, օրդինատոր, ուսանող) մնացածը եղել են այլ մասնագիտությամբ։ Բուժհաստատությունների կողմից ներկայացված հայտերի համաձայն շուրջ 600 կամավոր ներգրավվել են աշխատանքներում:
- Մշակվել և ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի թիվ 806-Ն որոշմամբ հաստատվել է «Արտակարգ իրավիճակներում կամ արտակարգ իրավիճակով պայմանավորված արտակարգ դրություն հայտարարելու դեպքում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու նպատակով համապատասխան մասնագիտացում, որակավորում չունեցող, վերապատրաստում չանցած բուժաշխատողներին կամ ավարտական կուրսերի կլինիկական օրդինատորներին բժշկական օգնության և սպասարկման իրականացման գործընթացում ներգրավման թույլտվության կարգն ու պայմանները:
- Հուլիսի 6-ի դրությամբ արտերկրից Հայաստան է ժամանել 46 մասնագետ, որից 1-ը Գերմանիայից,18-ը` Ֆրանսիայից, 5-ը` Ռուսաստանից, 11-ը` Լիտվայից և ևս 11 բուժաշխատող` Իտալիայից: Ժամանողները մասնագիտությամբ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, ինտենսիվ թերապիայի մասնագետներ, վարակաբաններ, համաճարակաբաններ, բուժքույրեր են:
- Հուլիսի 6-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդությունից բուժված 16302 պացիենտ, հաստատված բոլոր դեպքերից մահավությունը կազմում է 7 %: Հուլիսի 5-ի դրությամբ բուժում ստացող պացիենտներից 516-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, իսկ 128-ը` ծայրահեղ ծանր:
Սարքերի, անհրաժեշտ պարագաների, դեղերի ձեռքբերում
- Ձեռք է բերվել և բաշխվել է 159 արհեստական օդափոխության սարք: Մինչև սեպտեմբերի վերջ կմատակարարվի ևս 30 ԹԱՕ սարք:
- Ձեռք է բերվել և բաշխվել է շուրջ 830 թթվածնի շարժական ապարատներ:
- Ձեռք են բերվել և COVID-19-ի ախտորոշում և բուժում իրականացնող կազմակերպություններին բաշխվել են անհատական պաշտպանիչ պարագաներ: Պաշտպանիչ արտահագուստ` 172500, պաշտպանիչ դիմակ` 327000, բժշկական դիմակ` 440000, պաշտպանիչ ակնոց` 32000, խալաթ` 102000 հատ:
- ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով ձեռք է բերել հավելյալ 5 շտապօգնության մեքենա, ինչպես նաև 6 ամենագնաց։ Բացի այդ, համակարգի կարիքների համար նախատեսվում է ձեռք բերել 20 շտապօգնության ավտոմեքենա:
- Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնին, Թոքաբանության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ին, Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնին, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ին և Հայաստանի ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալին տրամադրվել է մեկական ուլտրաձայնային հետազոտման սարք: Մինչև հուլիս ամսվա վերջ մեկական ուլտրաձայնային հետազոտման սարքեր տրամադրվելու են «Դիլիջան» բժշկական կենտրոն ՓԲԸ-ին, Մարտունու ԲԿ-ին, Վեդու բժշկական կենտրոն ՓԲԸ-ին և Սպիտակի ԲԿ-ին:
- Բժշկական հաստատություններին բաշխվել են 235 հատ պացիենտի մոնիտորներ և 6 ԷՍԳ սարքեր։
- Ձեռք են բերվել և բաշխվել են շուրջ 1500 պուլսօքսիմետրներ, շուրջ 20 լարինգոսկոպ, շուրջ 150 ավտոմատ ներարկիչներ, շուրջ 600 թթվածնի ծավալաչափեր` խոնավացուցիչով։
- ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնին, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնին և Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնին տրամադրվել է մեկական շարժական թվային ռենտգեն սարք, իսկ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին թվով 2 շարժական թվային ռենտգեն սարք: Մարզային վերապրոֆիլավորված հիվանդանոցների համար ձեռք են բերվել և 4 շարժական թվային ռենտգեն սարքեր բաշխվել են Սպիտակի, Վեդու, Մարտունու և Դիլիջանի «Իրվինգ» ԲԿ-ներին: Բացի այդ, նախատեսվում է ձեռք բերել լրացուցիչ 2 ունիվերսալ ռենտգեն սարք:
- Իրականացվել է COVID-19-ի համար անհրաժեշտ սարքավորումների հավաքագրում մարզային ենթակայության բժշկական կազմակերպություններից՝ դրանք հիվանդության վարման գործընթացում ներգրավված՝ ընտրված բժշկական կենտրոններին տրամադրելու նպատակով։ Ընդհանուր առմամբ, 31 անուն շուրջ 1000 միավոր բժշկական սարքավորումներով և պարագաներով համալրվել է 5 վերակազմավորված հիվանդանոցների նյութատեխնիկական բազան:
- Պայմանավորված կորոնավիրուսային հիվանդությամբ ձեռք է բերվել և բաշխվել ինթեսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքներում օգտագործվելու համար անհրաժեշտ հակաբիոտիկներ, ներարկման լուծույթներ, ցավազրկողներ, ոչ ստերոիդային հակաբորբոքային, անզայացնող, սեդատիվ, հակաալերգիկ և անաֆիլակսիյաի, սիրտ-անոթային համակարգի, միզամուղներ, հակագերճնշումային, հակախողային, անզգայացնող, սրտխարնոցի և արյան մակարդելիությունը կարգավորող դեղեր:
- Ձեռք են բերվել հակավիրուսային դեղեր` Հիդրոքսիքլորոքվին 200 մգ, Լոպինավիր-Ռիտոնավիր (Ալուվյա), Տոնսիլիզումաբ (ակտեմրա) 200մգ, 80մգ,, որոնք տրամադրվել են վերապրոֆիլավորված բժշկական կենտրոններին:
- Կորոնավիրուսով պայմանավորված երեխաների մոտ կավասակի հիվանդությունը կանխելու և բուժելու նպատակով կազմակերպվել է Օգտագամ դեղի ձեռքբերումը, որը տրամադրվել է վերապրոֆիլավորված բժշկական կենտրոններին:
- «Արտահիվանդանոցային թոքաբորբերի վարման կլինիկական ուղեցույցի հաստատումից հետո ձեռք են բերվել դեղեր, որոնք ընդգրկված են վերոհիշյալ ուղեցույցում և տրամադրվել ք. Երևանի և ՀՀ մարզերի բժշկական հաստատություններին:
- Ինչպես նաև ձեռք է բերվել «Ռեմդեսեվիր» դեղը, որը կմատակարավի մինչև սույն թվականի հուլիսի 15 և «Ավիգան» (ֆավիպավիր), որը արդեն ստացվել է որպես մարդասիրական օգնություն:
Ուղեցույցների մշակում, միջազգային համագործակցություն, հանրային իրազեկում
- Մշակվել են ժամանակավորապես չսահմանափակված տնտեսական գործունեությունների ծավալման ընթացքում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման անվտանգության կանոններ գրասենյակային պայմաններում, շինարարական հրապարակներում, առևտրի իրականացման վայրերում, մեծածախ և մանրածախ առևտրի օբյեկտներում, ծառայությունների ոլորտում հաճախորդների սպասարկման օբյեկտներում, հանրային սննդի օբյեկտներում, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում, մարմնամարզական օբյեկտներում, վարսավիրանոցների և գեղեցկության սրահների այլ ծառայությունների կազմակերպման ոլորտում, բացահանքերի շահագործման ոլորտի ընկերություններում, նախադպրոցական կրթության հաստատություններում, մարդատար տրանսպորտի գործունեության ոլորտում:
- Մշակվել և հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետ կապված լաբորատոր պայմաններում կենսանվտանգության /կենսապահովության և բժշկական կազմակերպություններում N95 դիմակների օգտագործման կարգի ու դրանց կիրառման արդյունավետությունը բարձրացնող միջոցառումների վերաբերյալ մեթոդական ուղեցույցները:
- Մշակվել են ծերանոցներում, մանկատներում, հոգեբուժական հիմնարկներում, կալանավայրերում ու զորամասերում հիվանդության կանխարգելման սկզբունքները, որի հիման վրա մարտի սկզբից արգելվել են տեսակցությունները:
- Նոր կորոնավիրուսային վարակի վերաբերյալ բուժաշխատողների և հանրության շրջանում իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով, անվտանգ և արդյունավետ պայքարելու համար մշակվել կամ թարգմանվել ու տեղայնացվել է իրազեկման 57 պաստառ, թարգմանվել և պատրաստվել է 22 սոցիալական հոլովակ, ինչպես նաև պատրաստվել են տեսադասընթացներ նոր կորնավիրուսային վարակի վերաբերյալ: Առողջապահության նախարարության պատվերով պատրաստվել և հեռարձակվել է 7 հեռուստահաղորդում, 8 սոցիալական հոլովակ: Թեմայի վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցներով կազմակերպվել է 225 հարցազրույց, պատրաստվել և տարածվել է 133 մամուլի հաղորդագրություն:
- Տպագրվել և 3 ամիս տևողությամբ 60 բիլլբորդի վրա տեղադրվել են կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանն ուղղված խորհուրդները: Սոցիալական գովազդ է տեղադրվել կանգառներում՝ 29 կողմ սքրոլլերային, 59 կողմ պոստերային (ստասիկ) ՝ 3 ամիս տևողությամբ:
- Օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ բանակցության արդյունքում ստացվել է զգալի օժանդակություն, այդ թվում՝ սարքերի, ախտորոշիչ թեստերի, դիմակների և պարագաների տրամադրման, ինչպես նաև մասնագիտացված թիմեր ուղարկելու միջոցով: Որպես նվիրատվություն ստացված թեստերի ընդհանուր թիվն է 61152:
- Տեղեկությունների, գիտելիքների ու փորձի փոխանակում և համագործակցություն է իրականացվում հարևան երկրների՝ Վրաստանի ու Իրանի Իսլամական Հանրապետության, ինչպես նաև Ռուսատանի Դաշնության, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Կորեայի, Շվեդիայի, Չինաստանի մեր գործընկերների ու դիվանագիտական օղակների, Գերմանիայի Ռոբերտ Կոխի ինստիտուտի ներկայացուցիչների հետ։ Պարբերաբար խորհրդակցություններ և տեսակոնֆերանսներ են կազմակերպվում ԵԱՏՄ, ԱՊՀ կառույցների, ԱՀԿ եվրոպական գրասենյակի և տարածաշրջանի անդամ երկրների առողջապահության նախարարությունների հետ։