«Եթե որոշեմ նախագահի թեկնածություն դնել, ապա չկասկածեք՝ հարյուր տոկոս կդառնամ նախագահ»,-ասում էր Քանյե Ուեսթը 2018թ-ին՝ Power 2 ռադիոյին տված հարցազրույցում։ Հուլիսի 4-ին՝ ԱՄՆ Անկախության օրը, մոլորակի ամենահարուստ հայուհու՝ Քիմ Քարդաշյանի ամուսինը իսկական ռումբ պայթեցրեց՝ Twitter-ում հայտնելով, որ որոշել է պայքարել նախագահի պաշտոնի համար՝ 2020թ․-ի ընտրություններում։
We must now realize the promise of America by trusting God, unifying our vision and building our future. I am running for president of the United States ??! #2020VISION
— ye (@kanyewest) July 5, 2020
«Եկել է ժամանակը, երբ մենք պետք է իրականացնենք Ամերիկայի երազանքները, վստահելով Աստծուն, միավորելով մեր տեսլականները և կառուցելով մեր ապագան։ Ես առաջադրվում եմ որպես Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու»,- գրել է Ուեսթը՝ ավելացնելով #2020VISION հեշթեգը։
Թվիթն ավելի քան մեկ միլիոն հավանում հավաքեց և բուռն քննարկումների ու վեճերի առիթ դարձավ համացանցում։ Ցանցի թրենդերում հայտնվեցին ոչ միայն «Քանյե», «Յիզզի»(արտիստի մականուններից մեկը), այլ նաև «Քարդաշյաններ», «Քիմ՝ առաջին տիկին» և «Իլոն Մասկ» բառերը։
Իսկ լրագրողներն իսկույն ևեթ գործի անցան․ սկսեցի ստուգել թեկնածուների անունները դաշնային ցուցակներում. պարզվեց՝ այնտեղ իրոք գրանցված է «Քանյե Դիզ Նաթս Ուեսթը», որը ներկայացնում է Կանաչների կուսակցությունը և որի հաշվին 0 դոլար է։ Գրանցումը թվագրված է 2015-ով։
Դրան հաջորդեցին խոսակցությունները, որ Քանյեն ընտրություններում իր մասնակցության մասին կատակել է՝ այդ կերպ ուշադրություն հրավիրելով իր նոր ալբոմի և GAP բրենդի հետ ֆեյշըն-համագործակցության վրա։ Սակայն բոլորովին վերջերս՝ հունիսին, Ուեսթը 2 միլիոն դոլար նվիրաբերեց ոստիկանության հետ բախումների հետևանքով զոհված երեք սևամորթների՝ Ջորջ Ֆլոյդի, Ահմադ Հարբըրիի և Բրիաննա Թեյլորի ընտանիքներին։ Ուեսթը Black Lives Matter շարժման առաջնորդներից է և հասցրել է գրավել երիտասարդների սրտերը։ Եվ ուրեմն՝ ո՞վ է «հայերի փեսայի» կողմից, ո՞վ է դեմ և ո՞վ է ծաղրում նրան։
Ո՞վ է կողմ (սփոյլեր՝ մի խումբ միլիարդատերեր)
Հրապարակումից մի քանի րոպե անց Քանյեի կինը՝ Քիմ Քարդաշյանը, տարածեց ամուսնու թվիթը՝ կցելով Ամերիկայի դրոշը։
Նա ամուսնու գրառումը տարածեց նաև Instagram-ում։ 2015թ․-ին հաղորդավարուհի Էլեն Դեջեներեսին տված հարցազրույցում Քարդաշյանը կես կատակ կես լուրջ հայտարարել էր, որ հավատում է, որ Քանյեն կարող է ԱՄՆ նախագահ դառնալ։
«Նա ցանկացած գործի մեջ ցնցող էներգիա է դնում։ Ես գիտեմ, որ եթե նա որոշի որևէ բանով զբաղվել, կհասնի կատարելության։ Ես ցանկացած հարցում աջակցում եմ նրան»,-ասել էր Քարդաշյանը։
Քանյեին աջակցող երկրորդ միլիարդատերը Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր և ԱՄՆ-ում ամենաազդեցիկ մարդկանցից մեկը՝ Իլոն Մասկն է։ Twitter-ում Քանյեի գրառման տակ նա գրել է․ «Ես լիովին աջակցում եմ քեզ»։ Եվ, երբ օգտատերերից մեկը մեկնաբանել է․ «Ահ, ուրեմն ահա թե ինչու կարող էր այս ամենը սկսվել», Մասկը պատասխանել է․ «Հնարավոր է, որ ամեն ինչ արդեն իսկ սկսվել է»։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am