Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն չի կարողացել զսպել արցունքները, երբ կլոր սեղանի շուրջ կազմակերպված քննարկման ժամանակ սիրիահայ Վանիկ Կարապետյանը վերհիշել է այն պահը, թե ինչպես 2015 թվականի դեկտեմբերին վարչապետն առաջինն օդանավակայանում սեղմեց իր ձեռքն ու ողջունեց Կանադայում: Ինչպես հաղորդում է cbc.ca կայքը, Տորոնտոյի ռեստորանում կազմակերպված քննարկմանը Թրյուդոն, Վանիկ Կարապետյանն ու մյուսները քննարկել են սիրիացի փախստականների ընդունման ծրագրի առաջին տարին:
«Երբ մեր ինքնաթիռը վայրէջք կատարեց օդանավակայանում, առաջին մարդը, ով սեղմեց մեր ձեռքը վարչապետն էր»,- նշել է Կարապետյանը, ինչից հետո Թրյուդոն վերցրել է սեղանին դրված անձեռոցիկն ու մաքրել աչքերը:
Կարապետյանն ընդգծել է, որ Տորոնտոյում վայրէջք կատարելը ոչ միայն նշանակում էր, որ ինքը, կինն ու աղջիկներն ապահով են, այլև այն, որ նրանք ստանձնել են «պատասխանատվություն միանալու կանադական ընտանիքին և փորձելու կառուցել այս Կանադան, այդ երկիրը, այս մեծ ժողովուրդը»: «Երբ ես այդ պահին հանդիպեցի պարոն վարչապետին, նա երկու բառ ասաց. «Բարի գալուստ տուն»: Պատկերացրեք դուք ապրում եք մի պատերազմական գոտում, այնուհետև լքում եք ձեր տունը և ձեզ դիմավորում են երկու խոսքով` բարի գալուստ տուն: Այդ պահին հիշողություններս ինձ տարան հետ` ն ախապատերազմական Սիրիա, մեր կյանքը, մեր երջանկությունն այնտեղ, ապա նաև այն սարսափելի պահերը, որոնց միջով անցանք պատերազմի ժամանակ: Եվ ես զգացի, որ հպարտ եմ այստեղ լինելու համար»,- նշել է սիրիահայը:
Իր հերթին Թրյուդոն խոսել է շուրջ 25 հազար սիրիացի փախստականների` Կանադայում ընդունելու ծրագրի կարևորության մասին: «Տեսնելով, թե ինչպես եք դուք և ձեր աղջիկներն անցնում օդանավակայանով` ես հասկացա մի շարք բաներ, որոնք կարող է անի մեր երկիրը, և որ ես պետք է օգնեմ երկրին, որպեսզի նա այդ ամենն անի»,- նշել է վարչապետը: