Հայտնի պարուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սոֆի Դեւոյանն հուլիսի 8-ին, նշում էր ծննդյան 71-րդ տարեդարձը: Վաստակավոր պարուհին շաբաթներ առաջ բուժվում էր կորոնավիրուսից, ու թեեւ արդեն 20 օր է անցել իր դրական թեստի պատասխանից ու այժմ իրեն լավ է զգում, որոշել է, ամեն դեպքում, պահպանել անվտանգության կանոններն ու օրը նշել առանց հյուրերի՝ միայն ընտանիքի անդամների հետ: Այնուամենայնիվ, Սոֆի Դեւոյանի «Պարի եւ հոգու» թատրոնի աշխատակազմն ու աշակերտները չեն թողել հայտնի պարուհուն առանց անակնկալների:
«Առավոտյան ամենահարազատ ու մոտիկ մարդիկ շնորհավորեցին ինձ՝ իմ տան անդամները, բայց նրանցից ոչ մեկին չեմ թողել ինձ համբուրել, ամեն դեպքում պահպանում ենք զգուշությունը: Այսօր հեռախոսս այրվում էր անդադար զանգերից ու Ֆեյսբուքյան շնորհավորանքներից: Ւսկ մեր դասախոսական կազմն ու ուսանողներս ինձ մեծ անակնկալ են մատուցել. սկզբում տեսանյութ էին ուղարկել՝ իրենց բարեմաղթանքներով, իսկ երբ վերջացրի այն դիտել, լսեցի ավտոմեքենաների ձայներ: Չէի հասկանում՝ ինչ էր կատարվում, մտածեցի՝ «Էս կորոնավիրուսի ժամանակ, ո՞վ է հարսանիք անում», այնինչ նրանք էին…Մեքենաներով մոտեցել էին մեր տանը, որ հեռվից շնորհավորեին ինձ»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում պատմեց Սոֆի Դեւոյանը՝ խոստովանելով. «Երբ տեսնում ես` ինչպես են քեզ սիրում, շատ հուզիչ է… Ինձ այսօր հուզել են, ու ես հասկացա, որ այս ծնունդս՝ անկախ կորոնավիրուսից, երբեք չեմ մոռանա»:
Պարուհին 14 օրից ավել ինքնամեկուսացել է ընտանիքից, վերջին երկու օրերի ընթացքում է դուրս եկել սենյակից.
«Արդեն ապաքինվել եմ, ինձ մոտ ամեն ինչ նորմալ է, այսօր լավ եմ: Ամբողջ ընտանիքս հիմա կողքիս է. շատ հետաքրքիր ենք մեր առօրյան անցկացնում: 14 օր լրիվ մենակ էի սենյակում, միայն ամուսինս էր կողքիս, դժվար էր, բայց հիմա արդեն բոլորս միասին ենք»,-պատմում է նա ու հավելում` արվեստագետի համար, հատկապես, դժվար է պասիվ առօրյա վարելը.
«Հիմա չենք աշխատում, ու դա մեկ ամսվա արձակուրդ չէ, անորոշ ժամանակով ես դադար վերցրել: Ես դա շատ ծանր եմ տանում, բայց հուսով եմ՝ ամեն ինչ շատ լավ կլինի, պետք է հույսով լինել ու հավատալ, որ հետո ամեն ինչ ավելի լավ է լինելու»:
Ամբողջությամբ՝ style.news.am