Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրում այսօր առանձնահատուկ պատասխանատու և կարևոր օր է: Գերմանիայում բուժվող հայ հիվանդի համար ցողունային բջիջներ է նվիրաբերում իր հարազատ քույրը։
Ոսկրածուծի դոնորների ռեեստրում այսօր իրականացվող ցողունային բջիջների անջատումը տեղի էր ունենում արտակարգ պայմաններում: Ամբողջ աշխարհում մոլեգնող համավարակը փոխել է բոլորիս կյանքը: Տարբեր երկրներում կիրառվող սահմանափակումները էլ ավելի բարդացրեցին առանց այն էլ խիստ պատասխանատու և բազմափուլ գործընթացը: Հայաստանի և Գերմանիայի մասնագետներից մեծ ջանքեր պահանջվեցին գործողությունների ամբողջ շղթան անխափան և սահուն իրականացնելու համար: Ամեն ինչ պետք է կատարվեր ժամացույցի ճշտությամբ, ոչ ոք չէր կարող հապաղել: Դոնորական ցողունային բջիջները նույն օրը պետք է տեղափոխվեն Գերմանիա փոխպատվաստման նպատակով:
Հայաստանի Հանրապետության պետական կառույցները, լինելով գերծանրաբեռնված երկրում տիրող արտակարգ իրավիճակի պատճառով, ըմբռնումով և պատրաստակամությամբ մոտեցան այս հարցին: Առանձնակի շնորհակալություն ենք ուզում հայտնել Հայաստանի Առողջապահության նախարարությանը, ՀՀ Պետ. եկամուտների կոմիտեին, ՀՀ Պարետատանը, ՀՀ Քաղավիացիայի կոմիտեին և Բելավիա ավիաընկերությանը ցողունային բջիջների տեղափոխումը անխափան և առանց արգելքների կազմակերպելու համար:
Ամբողջությամբ՝ med-practic.com