Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 13-ի ՀՀ կառավարության արտահերթ նիստում ներկայացրեց հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-ին տեղի ունեցած միջադեպի մանրամասները և ներկայումս տիրող իրավիճակը։
Դավիթ Տոնոյանը նշեց, որ հուլիսի 12-ին 12։30 սահմաններում հայկական դիրքերից մեկին մոտեցել է «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենա ու անհասկանալի պատճառներով զինվորները դուրս են եկել մեքենային ու շարժվել են դեպի հայկական դիրքը։ «Դիրքը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում, անմիջապես ՀՀ սահմանի վրա։ Քանի որ շարժումը անսպասելի էր մեր զինծառայողների համար, զինծառայողները վերադասին զեկուցելիս ստանում են հրահանգ՝ հաշվի առնել ադրբեջանական զինծառայողների մոլորվածությունը, աշխարագրությանը կամ օպերատիվ իրավիճակին չտիրապետելու հավանականությունը․ հակառակորդին կոչ է արվում լքել տարածքը, որը և իրականացնվում է։
Թողնելով ավտոմեքենան՝ Ադրբեջանի զինծառայողները վերադառնում են իրենց դիրքերը, որից հետո սկսվում է 82 մմ ականանետերով հրետակոծություն դեպի նույն դիրքը, ինչպես նաև մարտական խմբերի շարժ դեպի այդ դիրք, որը կասեցվել է հրետակոծությամբ և համապատասխան գործողություններով։ Հակառակորդը, կրելով կորուստներ, նահանջել է»,-ասաց Տոնոյանը։ Նախարարի խոսքով՝ մինչ այժմ նույն սցենարով տարբեր տրամաչափի հրետանու օգտագործմամբ պարբերաբար 15-25 րոպե մեկ Ադրբեջանի ԶՈՒ-ն հրետակոծությունը սկսում է․ դադարը եղել է գիշերը 3։30-ից մինչև 5։30։
«Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են դիպուկահար կրակով, լռեցվում են, որի արդյունքում հակառակորդը ունի զգալի կորուստներ։
Մեր զինված ուժերը և համապատասխան կորպուսը շարունակում է սահմանի պահպանությունը։ Օպերատիվ վիճակը ամբողջովին վերահսկվում է և կառավարելի է»,- ասաց Տոնոյանը։
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել:
«Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13: 45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել»,- հայտնել էր Ստեփանյանը՝ հավելելով, որ հայկական կողմից կորուստներ չկան: