«Ոսկե ծիրանը» դարձավ մշակութային կյանքի կարևոր իրադարձություններից մեկը. Ատոմ Էգոյան
Advertisement 1000 x 90

«Ոսկե ծիրանը» դարձավ մշակութային կյանքի կարևոր իրադարձություններից մեկը. Ատոմ Էգոյան

Հանրահայտ կինոռեժիսոր, Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր խորհրդի անդամ Ատոմ Էգոյանն ակտիվ մասնակցություն է ունենալու փառատոնային GAIFF PRO հարթակի աշխատանքներում։ Կինոռեժիսորն իր փորձը կիսելու է հուլիսի 13-16-ն անցկացվող GAIFF PRO-ի մասնակիցների հետ, արդեն հասցրել է ընթերցել C2C օնլայն շուկայի նախագծերը։

Հուլիսի 14-ին նախատեսվում է համեմատական քննարկում Ատոմ Էգոյանի «Օրացույց»  և Եկատերինե Չելիձեի «Մեռած հոգիների արձակուրդը» ֆիլմերի շուրջ, որին կմասնակցեն երկու ռեժիսորները։

«Հենց սկզբից, երբ ստեղծվում էր «Ոսկե ծիրանը», մենք մտածում էինք մշակույթների խաչմերուկ ծրագրի մասին։ Հայաստանն այն երկիրն է, որտեղ խաչաձևվել են բազում մշակույթներ, և մենք միշտ հավատացել ենք, որ մեր երկիրը հիանալի վայր է փառատոնի անցկացման համար»,-ասում է Ատոմ Էգոյանը։

Ռեժիսորի խոսքով՝ ի սկզբանե պարզ դարձավ, որ փառատոնի շրջանակում Հայաստան այցելած կինոգործիչները կախարդական, յուրահատուկ զգացողություններ են ունենում։ Էգոյանը փաստում է՝ «Ոսկե ծիրանի» հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը աննկարագրելի հմայք ունի, յուրահատուկ անձնավորություն է, և մարդիկ սիրում են նրա շուրջը լինել։

«Հենց սկզբից մենք հույս ունեինք, որ փառատոնը կդառնա Հայաստանի բրենդը, և բոլորովին զարմանալի չէ, որ այն դարձավ մշակույթի ամենակարևոր իրադարձություններից մեկը։ Մենք այնքա՜ն բան ունենք առաջարկելու աշխարհին, սա շատ ոգեշնչող փառատոն է։ Իմ ճանաչած բոլոր կինոգործիչները, ովքեր եկել, մասնակցել են փառատոնին, հիասքանչ փորձառություն են ունեցել և շատ են խոսում այն մասին, թե որքան սքանչելի էր փառատոնը։ Ահա թե ինչու շատ կինոգործիչներ են ցանկանում գալ այստեղ»,- նշում է Էգոյանը։

Նրա խոսքով՝ կինոգործիչները շատ են տպավորվում հատկապես այն փաստից, որ Հայաստանում մեծարում են արվեստի գործիչներին։ Օրինակ՝ մեր երկրում Փարաջանովի, Կոմիտասի, Սարյանի և այլ գործիչների գործունեությունը ներկայացնող թանգարաններ կան, որոնք հիացնում են արտերկրից մեր երկիր ժամանողներին։ Էգոյանը շեշտում է՝ մեզ համար այս ամենը կարող է սովորական թվալ, քանի որ մենք ապրում ենք Հայաստանում, սակայն այն, որ երկիրը հարգում է իր արվեստագետներին, ապշեցնում և հիացնում է արտերկրի կինոգործիչներին: Երկիրն այդ կերպ կարևորում է մշակույթը։

Էգոյանն առանձնահատուկ ընդգծում է՝ շատ է հպարտանում փառատոնով։ Ասում է՝  «Ոսկե ծիրանը» հնագույն մշակույթ ունեցող երկրի և երիտասարդ փառատոնի յուրատեսակ համադրություն է, այս համադրության արդյունքում յուրահատուկ բան է ստեղծվում։

Նա տխրում է, որ այս օրերին համավարակի պատճառով փառատոնը չի անցկացվում, սակայն հուսով է, որ շատ շուտով կվերադառնանք նորմալ կյանքին։ Այս օրերին հետաքրքրությամբ կարդացել է C2C օնլայն շուկայի նախագծերը, հետաքրքիր սցենարներ է գտել և խոստանում է իր փորձը կիսել մասնակիցների հետ՝ ամեն կերպ օժանդակելով նրանց նախագծի էլ ավելի լավը դառնալու գործընթացում։ Ասում է՝ երիտասարդ  կինոարտադրողները պետք է ամուր մաշկ ունենան, հասկանան, որ իրենց հաճախ են մերժելու, պետք է պատրաստ լինեն դրան, ամբողջ ընթացքում պայքարեն։ Պետք է շարունակեն փորձել, ոգեշնչված լինեն և իրենց կրքով վարակեն այլ մարդկանց։ Ըստ Էգոյանի՝ ներկայացված ֆիլմերից շատերը կարող են հաջողված լինել, մնում է լավագույն ձևով աշխատել, օգտագործել մեր ունեցած ռեսուրսները՝ ֆիլմերն էլ ավելի կատարելագործելու համար։

Ատոմ Էգոյանը նշում է, որ նման ձևաչափի օնլայն փառատոնի միջոցով կինոոլորտի մարդիկ միավորված լինելու զգացողություն կունենան, կզգան, որ ընտանիքի անդամ են։ Էգոյանի խոսքով՝ պետք է ադապտացվել ժամանակներին, օգտագործել տեխնոլոգիաներն այնքանով, որքանով հնարավոր է։

«Ի տարբերություն շատերի՝ ես առավել հաջողակ եմ եղել, որովհետև մեր վերջին ֆիլմը` «Պատվավոր հյուրը», ցուցադրվել է Վենետիկի, Տորոնտոյի, Լոնդոնի կինոփառատոններում, մենք պետք է լինեինք Սոֆիայում, այնուհետև ի հայտ եկավ կորոնավիրուսը, և ամեն ինչ դադարեց։ Երջանիկ եմ, որ ֆիլմը որոշակի փառատոնային կյանք ունեցավ, բայց տխուր եմ, որ բազում կինոստեղծողներ՝ հատկապես երիտասարդները, սպասման մեջ են։ Միևնույն ժամանակ՝ մենք պետք է հասկանանք, որ որևէ ազդեցություն չունենք այս ամենի վրա։ Մարդկային բազում սերունդներ են բախվել նմանատիպ խնդիրների, և մենք կհաղթահարենք ամեն ինչ։ Ամեն ինչ շատ առեղծվածային է, որովհետև մենք չենք էլ հասկանում ոչինչ։ Մենք ամեն օր նոր բան ենք բացահայտում այս վիրուսի մասին»,-նշում է ռեժիսորը։ Էգոյանը հույս ունի, որ «Պատվավոր հյուրը» շատ շուտով կցուցադրի նաև Հայաստանում։

Էգոյանն ուրախ է, որ ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմն ընդգրկվել է Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրում։ Ի դեպ, օրեր առաջ «Ոսկե ծիրանի» շրջանակում անցկացվեց օնլայն հանդիպում ֆիլմի հեղինակների հետ։

«Սա հրաշալի ձեռքբերում է Հայաստանի համար, որովհետև «Բարև, ես եմ»-ից հետո առաջին անգամ Կաննի մրցութային ծրագրում հայկական ֆիլմ է ընտրվում։ Ափսոս, Նորան այս տարի չի կարողանա անձամբ գնալ Կաննի փառատոն, բայց սա մեր կինոինդուստրիայի համար իսկական հաղթանակ է»,-նշում է նա։

Այս օրերին Ատոմ Էգոյանը շատ է կարդում, ընթերցում գրքեր, որոնց անդրադառնալու ժամանակ չի ունեցել, շարունակում է գրել, ստեղծագործել։



Նման նյութեր