Ադրբեջանի մի շարք բնակավայրերում, այդ թվում՝ մայրաքաղաք Բաքվում հուլիսի 14-ի ուշ երեկոյան տեղի ունեցած հակահայկական բնույթ ունեցող ցույցերը կարճ ժամանակ հետո հակաիշխանական տարրեր ստացան։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։
«Օրինակ՝ ցուցարարները պահանջում էին Ադրբեջանի զինված ուժերի շտաբի պետի հրաժարականը և դրանից հետո մի քանի ցուցարար ներխուժեցին Ադրբեջանի Ազգային ժողովի շենք։ Այնուհետև Ադրբեջանի իշխանությունը, գիտակցելով վտանգը և հնարավոր զարգացումների անկախատեսելիությունը, արագորեն ճնշեց այդ ցույցը։ Տվյալ պահին իրավիճակը հանգիստ է և առաջիկայում մի քանի զինվորականների թաղում է կազմակերպվելու, իսկ այդ ցույցերի համար այդ թաղումները պարարտ հող են հանդիսանում»,- ասաց Հայրապետյանը։
Մասնագետի խոսքով՝ Ադրբեջանի հասարակությունը միշտ հայերի դեմ կոնսոլիդացվել է, սակայն այն կարող է արագորեն պտտվել Իլհամ Ալիևի իշխանության դեմ։