Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 16-ի գիշերվա մարտական լայնածավալ գործողությունների ընթացքում հակառակորդի դիտարկվող կորուստները կարող են մոտենալ նույնիսկ մեկ-երկու տասնյակի։ Այս մասին հուլիսի 16-ին Իջևանում՝ ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում, տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասաց կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, պատասխանելով հարցին, թե որքան են եղել հակառակորդի կորուստները։
«Հստակ գնահատել չենք կարող հակառակորդի կորուստները։ Դիտարկվող կորուստները կարող են մոտենալ մեկ-երկու տասնյակի նույնիսկ, բայց հստակ չեմ կարող ասել։ Չէի ուզենա պնդել մի բան, որը հետո դժվար լիներ ապացուցել։ Կսպասենք հակառակորդի հաստատմանը, ըստ այդմ, ավելի մոտավոր կհասկանան թիվը»,- ասաց Հովհաննիսյանը։ Ինչ վերաբերում է հայկական կողմի կորուստներին, Հովհաննիսյանը ընդգծեց, որ ՀՀ ԶՈՒ-ն չի ունեցել ոչ զոհեր, ոչ վիրավորներ։