Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան՝ Տավուշի հատվածում հուլիսի 12-ից ադրբեջանական կողմի հրահրած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական կողմը թիրախավորված հրետակոծում է հայկական սահմանամերձ բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները՝ օգտագործելով ականանետներ և ծանր հրետանային տեխնիկա՝ Դ-30 հաուբիցներ։
Միջազգային բոլոր հնարավոր նորմերն ու իրավունքները խախտելով՝ ադրբեջանական կողմը շարունակական գնդակոծության է ենթարկում Բերդ, Այգեպար, Ներքին Կարմրաղբյուր, Մովսես, Չինարի և այլ սահմանամերձ համայնքներ։ Հրետակոծության հետևանքով վնասվել են բնակելի տներ, քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Գնդակոծվել է Այգեպար գյուղի մանկապարտեզը։
Ադրբեջանական կողմի հրետակոծությունից վնասվել են բերքատու այգիներն ու ծառերը, Չինարի համայնքում թնդանոթային համազարկից հետո հայտնաբերվել են չպայթած արկեր, որոնք վտանգում են քաղաքացիական բնակչության կյանքն ու առողջությունն անգամ կրակի բացակայության պայմաններում։ Հրետակոծության տակ գտնվող համայնքների բնակիչները՝ այդ թվում երեխաներ ու ծերեր չեն լքել իրենց տները և պատսպարվում են ապաստարաններում և նկուղներում։
Տավուշում սահմանամերձ համայնքների, քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների գնդակոծության առնչությամբ ՀՀ ՄԻՊ-ը երկու միջանկյալ զեկույց է ներկայացրել միջազգային կառույցներին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին, որոնք քննվելու են արտահերթ ընթացակարգով։
Ներքին Կարմիրաղբյուր
Այգեպար