Թուրքիայի մղումով Բաքուն հետեւողականորեն ուզում է արցախյան շփման գծի կարգավիճակը հաղորդել ՀՀ-Ադրբեջան պետական սահմանին։ Այս մասին ասաց «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը, մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան՝ Տավուշի հատվածում արձանագրված գործողություններին Թուրքիայի պաշտոնական արձագանքները։
«Դա իր հերթին նպատակադրում է միջնորդական առաքելության ձեւաչափի փոփոխություն կամ ԵԱՀԿ-ից այլ հարթություն տեղափոխում։
Պետական սահմանագոտին թեժացնելով կա որոշակի միտում նաեւ 1994-ի հրադադարի բովանդակազրկման կամ առ ոչինչ հայտարարման, որովհետեւ եռակողմ պայմանագիրը վերաբերում էր հիմնականում Արցախ-ադրբեջանական շփման գծին»,- ասաց Գանտահարյանը։
«Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագրի կարծիքով՝ պետք է նկատել, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբակի անդամ Անկարան նման հռետորաբանությամբ հակազդելով, ըստ էության հակասում է անվտանգության այդ հաստատության հիմնարար սկզբունքներին եւ հիմնադրույթներին։
«Մեկ ազգ երկու պետություն» բանաձևը որն առաջադրում են թե՛ Բաքուն եւ թե՛ Անկարան, հեռահար կտրվածքով, աշխարհում տիրող հակաթուրք տրամադրությունները կարող է հասցեագրել Ադրբեջանին։ Որքան նույնանան Բաքուն եւ Անկարան նման պաշտոնական հայտարարություններով այնքան կբարձրանա Ադրբեջանի ագրեսիան ընդգծող միջազգային բարձրաձայնումների հավանականությունը։ Ինչու չէ նաեւ Արցախի ինքնորոշման իրավունքի սկզբունքի գերակայությունն ընդգծող հայտարարությունները»,- նշեց Գանտահարյանը