Հայ գրոսմայստերները շնորհավորել են առաջին անգամ պաշտոնապես նշվող շախմատի միջազգային օրվա առթիվ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում հավաքականի անդամ Համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն, աշխարհի թիմային առաջնության հաղթող Գաբրիել Սարգսյանը շեշտեց, որ շախմատի մտքի և կամքի ազնիվ պայքար է և համոզմունք հայտնեց, որ հենց դրանից է, որ հայերը շատ են սիրում շախմատը:
Կանանց ընտրանու անդամ, Եվրոպայի թիմային առաջնության չեմպիոն, Եվրոպայի անհատական առաջնության փոխչեմպիոն Լիլիթ Մկրտչյանը խորհուրդ է տալիս ծանոթանալ շախմատի հետ՝ տեսնելու նրա գաղտնիքներն ու գեղեցկությունը:
Հայաստանի հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը շնորհավորելով շախմատասերներին՝ առանձնացրեց, որ մինչ այս օրերին աշխարհը պայքարում է կորոնավիրուսի դեմ, շախմատը բացահայտում է իր գլխավոր խորհուրդը` տարածելով համաշխարհային հանրության մեջ հավասարությունը: «Շախմատը չի ճանաչում ազգություն, մաշկի գույն, շախմատում չկա խտրականություն, և այն նպատակ ունի միավորելու մարդկանց և ժողովուրդներին»,- ասաց նա:
Հայաստանի շախմատի չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանի կարծիքով, շախմատը մարդու մեջ կարգապահություն է դաստիրարակում, հնարավորություն է տալիս արդար և ազնիվ պայմաններում պայքարել:
Աշխարհի երիտասարդների չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը շախմատը համարում է հարուստ և բազմազան խաղ, որը սովորեցնում է լինել կարգապահ և հավասարակշռված:
Հայաստանի և մի շարք երկրների նախաձեռնությամբ Միավորված ազգերի կազմակերպությունը հուլիսի 20-ը միաձայն հայտարարել է Շախմատի համաշխարհային օր:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը