«Երևանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ում խնամվող երեխաները և աշխատակիցները հաղթահարել են կորոնավիրուսի վարակը: Այս մասին հայտնեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Հիշեցնենք, որ 2020 թ.-ի հունիսի 8-ին մանկատանն արձանագրվել էր կորոնավիրուսով վարակվածության 13 դեպք՝ 4 աշխատակից և 9 երեխա: Վարակված փոքրիկների և մանկատան աշխատակիցների բուժումն ու խնամքը անմիջապես ստանձնել են «Արաբկիր» բժշկական համալիր – երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մանկատանը խնամվում են առողջական խնդիրներ կամ հաշմանդամություն ունեցող երեխաներ:
Ստեղծված իրավիճակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և «Արաբկիր» բժշկական կենտրոնի մասնագետներին մեծապես աջակցել է «Իզմիրլյան» հիմնադրամը, որն ապահովել է բժիշկներին անհրաժեշտ արտահագուստով, տրամադրել ախտահանիչ և կանխարգելիչ մի շարք միջոցներ:
«Մարի Իզմիրլյան մանկատանը COVID 19-ի հետ կապված բժշկական և կանխարգելիչ ծառայությունների մատուցում» ծրագրի շրջանակում «Իզմիրլյան հիմնադրամը» աջակցություն է ցուցաբերել, ընդհանուր առմամբ, 102 երեխաների և 123 աշխատակցի: Ծրագրի անուղղակի շահառուներն են նաև մանկատան անձնակազմի ընտանիքները:
Աշխատանքի և սոցիալական հարցերինախարարության, «Արաբկիր» բժշկական կենտրոնի և «Իզմիրլյան հիմնադրամի» համատեղ ջանքերի արդյունքում մանկատանն այլևս վարակ չկա: