Մահացել է խորհրդահայ երգիչ, հեղինակ- կատարող Բորիս Դավիդյանը, որը երաժշտասերների լայն շրջանակին ծանոթ է Բոկա կեղծանունով:
Երգչի մահվան մասին «Ինստագրամ»-ի իր պաշտոնական էջում հայտնել է երգիչ Արա Մարտիրոսյանը:
Բորիս Դավիդյանն առաջին ալբոմը ձայնագրել է 1972 թվականին։ Նա իր երաժիշտ ընկերների հետ հաճախ է ելութ ունեցել տարբեր միջոցառումներում։ 1973-1974 թվականներին Բոկան երգերը ձայնագրել է Թբիլիսիի «Մելոդիա» ձայնագրման ստուդիայում։ Ապրել և ստեղծագործել է նաև Մոսկվայում՝ ձայնագրելով «Доля воровская» ալբոմը։
1996 թվականի սկզբին Բոկան ընտանիքի հետ ապրել է Երևանում, այնուհետև տեղափոխվել Մոսկվա, հետո՝ ԱՄՆ:
Բոկան երկար տարիներ ելույթ է ունեցել երաժիշտներ Ալեքսանդր Բաղդասարովի (կլարնետ), Համլետ Գալուստյանի, Սուրեն Քերանյանի (ստեղնաշարերային գործիքներ), Իգոր Սաֆարովի, Գեորգի Ագաբոպովի հետ։
Երգիչը համերգներով հանդես է եկել Ռուսաստանում, Ավստրիայում և այլ երկրներում: