Օրերս Սևան քաղաքի մի քանի տարածքներում և հանրային լողափում տեղադրվել են տեղեկատվական ցուցանակներ, ուղղորդիչ վահանակներ, իսկ Նաիրյան փողոցում` նաև ինֆո-պատեր: Այս մասին տեղեկացնում է Սևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը:
Սևանի հյուրերի և զբոսաշրջիկների համար սա ոչ միայն հաճելի նորություն է, այլ նաև խիստ սպասված անհրաժեշտություն: Սևան քաղաքին զբոսաշրջային դեմք հաղորդելու ու գրավիչ փաթեթավորման ևս մեկ հնարավորություն է ընձեռել «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի կողմից իրականացվող «Ճամփի ընկեր» ծրագիրը, որը դարձել է իրողություն DVV International in Armenia-ի «ԵՄ-ն հանուն մշակույթի․ առվել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ» ծրագրի շրջանակներում` Եվրոպական միության ֆինանսավորմամբ:
Ինչպես նշում է «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի նախագահ Գոհար Մնացականյանը, այս նախաձեռնությունը Գեղարքունիքի մարզի զբոսաշրջային գրավչությունները բացահայտելու նոր ու ինքնատիպ հարթակ է: Ճանապարհորդությունը Գեղարքունիքի մարզում, ինչպես նաև Սևան քաղաքում առավել դյուրին, հետաքրքիր ու հարմարավետ դարձնելուն օգնելու են նաև այս ցուցանակներն ու վահանակները:
Հաղթող գաղափարները մշակվել են Գրիգոր Մուրադյանի և Վիգեն Հակոբյանի կողմից` դառնալով ուղղորդող վահանակներ ու ցուցանակներ: Տեղեկատվական ցուցանակներն ու վահանակներն ամբողջանում են ճայերի ընկերակցությամբ, որոնք հավակնում են դառնալ քաղաքի խորհրդանիշները:
Ինչպես նշում են ծրագրի կազմակերպիչները, Ճայուկները QR կոդերի միջոցով Սևան քաղաքի տեսարժան վայրերի վերաբերյալ ուղղորդիչ ինֆորմացիա են պարունակում մի քանի լեզուներով: Սևանի համայնքապետարանի և «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի հերթական համագործակցությունն էլ դարձավ իրողություն` քաղաքը դարձնելով առավել հարմարավետ:
Ցուցանակների և վահանակների տեղադրման աշխատանքներն իրականացվել են «Սևան համայնքի կոմունալ բարեկարգում և սպասարկում» ՀՈԱԿ-ի կողմից` ՀՈԱԿ-ի տնօրեն Էդգար Հարությունյանի անմիջական մասնակցությամբ և վերահսկողությամբ: