Արյան խումբը կարող է օգնել գնահատել որոշակի հիվանդությունների զարգացման հավանականությունը: Goodhouse.ru-ի հաղորդմամբ՝ մի խումբ հետազոտություններ խոսում են այն մասին, որ արյան այս կամ այն խումբ ունեցող մարդիկ հակված են որոշ հիվանդությունների զարգացման, և առողջության «թույլ կողմերի» մասին իմացությունը կարող է կարևոր լինել դրանք կանխարգելելու համար:
Թրոմբ: Դանիայում անցկացված հետազոտության ընթացքում ուսումնասիրվել է, թե ինչպես է արյան խումբը կապված խորանիստ անոթների թրոմբի նկատմամբ գենետիկ նախատրամադրվածության հետ: 30 տարվա ընթացքում դիտարկվել են 66 հազար մարդու առողջության վերաբերյալ տվյալները: Արդյունքում պարզվել է, որ II, III և IV խմբերի դեպքում հիվանդության զարգացման հավանականությունը 40 տոկոսով բարձր է: Լրացուցիչ հետազոտությունը, որի ընթացքում ուսումնասիրել են տարբեր գործոնների ազդեցությունը հիվանդության զարգացման հավանականության վրա, ցույց է տվել, որ արյան IV խմբի դեպքում հիվանդության զարգացման հավանականությունը մեծանում է 20 տոկոսով, իսկ ավելորդ քաշն ու ծխախոտի օգտագործումը հավանականությունը մեծացնում են, համապատասխանաբար՝ 16 և 6 տոկոսով:
Սրտի հիվանդություններ: Արյան խմբի ազդեցությունը սրտային հիվանդությունների վրա ուսումնասիրվել է Հարվարդի համալսարանի գիտնականների կողմից: Վերլուծվել են 77 հազար հիվանդի առողջության վերաբերյալ տվյալներ: Ուսումնասիրության արդյունքում հետազոտողները հանգել են հետևության, որ մարդիկ, ում արյունը պատկանում է IV խմբին, 23 տոկոսով ավելի հակված են սրտի հիվանդությունների զարգացմանը: Ընդ որում, մասնագետները նշում են, որ հիվանդության զարգացման վրա մեծապես ազդում են նաև այնպիսի գործոններ, ինչպիսիք են քաշը, ծխախոտի օգտագործումը, սննդակարգը:
Ստամոքսի քաղցկեղ: Շվեդիայում անցկացված հետազոտության համաձայն՝ արյան II խումբը ստամոքսի քաղցկեղի զարգացման հավանականությունը մեծացնում է 20 տոկոսով: Միևնույն ժամանակ, մարդիկ, ում արյունը պատկանում է I խմբին, առավել խոցելի են Helicobacter pylori-ի նկատմամբ՝ բակտերիա, որը գաստրիտի և ստամոքսի խոցի պատճառ է դառնում:
Դեմենցիա և հիշողության կորուստ: Տարիքային ճանաչողական խանգարումների զարգացման հավանականությունն առավել բարձր է մարդկանց շրջանում, ում արյունը պատկանում է IV խմբին: Ըստ անցկացված հետազոտություններից մեկի՝ արյան այս խումբը հավանականությունը մեծացնում է 82 տոկոսով: Բայց առավել կարևոր է այն հանգամանքը, որ հիվանդության զարգացման հավանականության վրա ազդում են այնպիսի գործոններ, ինչպիսիք են զարկերակային ճնշման բարձրացումը, դիաբետը, ծխախոտի օգտագործումը:
Կաթված: Հիվանդության զարգացումից առավել պաշտպանված են մարդիկ, ում արյունը պատկանում է I խմբին: Մասնագետները դեռևս չեն կարողանում նշել՝ ինչով է պայմանավորված այս օրինաչափությունը, սակայն հիշեցնում են, որ 40 տարեկանից հետո կարևոր է վերահսկել զարկերակային ճնշումը, հրաժարվել ծխախոտից և ալկոհոլի չարաշահումից:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը