Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը շատ զգայուն է ՌԴ-ի համար։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մեր հարաբերությունները ԱՊՀ որոշ երկրների հետ և, որ պակաս կարևոր չէ, մեզ համար դա շատ զգայուն է՝ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին», – ասել է Պուտինը՝ ներկայացնելով Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկվելիք հարցերը։
Ինչպես ընդգծել Է Պեսկովը, Պուտինը խիստ մտահոգություն է հայտնել շարունակվող էսկալացիայի կապակցությամբ ՝ շեշտելով հրադադարի ռեժիմի ապահովման հրամայականը, ինչպես նաև միջնորդական գործողությունների պատրաստակամությունը:
Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:
Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։
Հուլիսի 23-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։