Ամերիկյան Մասաչուսեթս նահանգի Ֆրամինգհեմ քաղաքի բնակիչ Քլեյթոն Ուորդը աշխատում էր՝ որպես դպրոցական ավտոբուսի վարորդ, ինչպես իր պապն ու հայրը: Սակայն աշակերտները համոզել են նրան ավարտել քոլեջը և դառնալ իրենց ուսուցիչը, գրում է CNN-ը:
Դպրոց ուղևորվելիս Ուորդն աշակերտներին զվարճացրել է պատմական տարաբնույթ իրադարձությունների վերաբերյալ հետաքրքիր փաստերով: Երեխաները բազմիցս խնդրել են նրան փոխել մասնագիտությունը և սկսել դասավանդել դպրոցում:
30-ամյա տղամարդը լսել է աշակերտների հորդորները և ընդունվել է քոլեջ: Նա աշխատել է օրվա ընթացքում, իսկ երեկոյան սովորել է: Ըստ Ուորդի՝ աշխատանքը և ուսումը համատեղելը հեշտ չէր, բայց նա կարողացել է բարձր գնահատականներով ավարտել քոլեջը:
Այժմ ավտոբուսի նախկին վարորդը նախատեսում է սովորել Ֆրամինգհեմի համալսարանում՝ պատմական գիտությունների բակալավրի կոչում ստանալու և դպրոցում դասավանդել սկսելու համար:
Քլեյթոնը նշել է, որ շատ շնորհակալ է աշակերտներին, ովքեր նրան ոգեշնչեցին արմատապես փոխել իր կյանքը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը