Փարիզում 104 տարեկանում մահացել է «Օսկարի» կրկնակի մրցանակակիր, դերասանուհի Օլիվիա դե Հևիլենդը։ Տեղեկությունը հայտնում է TMZ պարբերականը։
Լայն հանրությանը նա հայտնի է նախևառաջ «Քամուց քշվածները» հայտնի ֆիլմում Մելանի Ուիլքսի դերով։ Այդ դերի համար նա «Օսկար» է ստացել «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում։
Դերասանուհու մահվան պատճառը չի հրապարակվում։
Նա սկսել է նկարահանվել Հոլիվուդում 1930 թվականների սկզբից։ 1940-ականների վերջին դերասանուհին երեք անգամ «Օսկարի» է առաջադրվել «Լավագույն դերասանուհի» անվանակարգում ու երկու անգամ շահել է այն։ 1947 թվականին նա «Օսկար» է ստացել «Ամեն մեկին` իրենը» ֆիլմում կատարած դերի, իսկ 1950 թվականին՝ «Ժառանգորդուհին» ֆիլմի դերի համար։
Նրա կարիերան մեծ կինոյում շարունակվել է մինչ 1970 թվականի վերջը։
Դերասանուհին հայտնի է աղմկահարույց սիրավեպերով Ջոն Հյուսթոնի, Ջեյմս Ստյուարտի ու Հովարդ Հյուզի հետ։
1946 թվականին Հևիլենդն ամուսնացել է արձակագիր Մարկուս Գուդրիխի հետ, սակայն նրանք մինչ 1953 թվականն են միասին ապրել։ Այդ ամուսնությունից ծնվել է նրանց որդին` Բենջամինը։ 1955-1979 թվականներին նա ամուսնացած էր ֆրանսիայի լրագրող Պիեր Գալանտեի հետ, որից 1956 թվականին Ժիզել անունով դուստր է ունեցել։