Սինգապուրում Զիկա վիրուսով տեղական վարակման 41 դեպք են արձանագրել: Այդ մասին հայտնում է Սինգապուրի Առողջապահության նախարարությունը:
Նրանց հաղորդագրության համաձայն, «վիրուսի փոխանցումը ենթադրաբար տեղի է ունեցել երկրի ներսում, որովհետև հիվանդացածներից ոչ մեկը համաճարակաբանական տեսանկյունից վտանգավոր պետություններ չի այցելել»:
Սինգապուրում տեղական վարակման առաջին դեպքը հաստատվել է անցած շաբաթ, վիրուսն ախտորոշվել է Մալայզիայի 47-ամյա քաղաքացուհու մոտ, որը մշտապես ապրում է հանրապետությունում:
Առողջապահության նախարարության ներկայացուցիչների խոսքով, «ավելի վաղ հիվանդացածների մեծամասնությունը (34) արդեն ամբողջությամբ առողջացել է, մնացածները շարունակում են բուժումը Տան Տոկ Սենգի տեղական հիվանդանոցում»:
Այժմ քաղաք-պետության մի շարք շրջաններում նախատեսում են հատուկ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել վիրուսի փոխանցիչների (Aedes aegypti մոծակների) ոչնչացման համար:
Առաջին անգամ Զիկա տենդը հայտնաբերվել է Ուգանդայում` 1947 թվականին և մինչև վերջերս մարդու համար վտանգավոր չէր համարվում: Այնուամենայնիվ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը փետրվարի 1-ին Հարավային և Հյուսիսային Ամերիկայի երկրներում նրա տարածումը միջազգային մասշտաբի բժշկական իրավիճակ է ճանաչել: Լուրջ ապացույցներ կան, որ Զիկա վիրուսը հղիների մոտ հանգեցնում է միկրոցեֆալիայի և այլ բնածին արատների զարգացման:
Նշենք նաև, որ Զիկա վիրուսը փոխանցվում է ոչ միայն մոծակների խայթոցների միջոցով, այլև` սեռական եղանակով: