Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 16 միլիոն 450 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 652 հազարը: Ապաքինվել է ավելի քան 10 միլիոն 072 հազար մարդ:
Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 4 միլիոն 371 հազար 992 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 149 հազար 852 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Թե ընդհանուր ցուցանիշով, թե մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 2 միլիոն 419 հազար 901-ի, մահերինը՝ 87 հազար 052-ի: Վարակվածների թվով երրորդ տեղում է Հնդկաստանը: Այստեղ ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 1 միլիոն 440 հազար 371, մահերինը՝ 32 հազար 866:
Չորրորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 818 հազար 120 մարդ: Այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 5 հազար 635 նոր դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 13 հազար 354 մարդ:
Վարակվածների թվով հաջորդ տեղում Հարավային Աֆրիկան է, որտեղ հաստատված դեպքերի թիվը 445 հազար 433 է, մահերինը՝ 6 հազար 769: Հաջորդող երկիրը Մեքսիկան է 390 հազար 516 ընդհանուր, 43 հազար 680 մահվան դեպքով: Պերուն առանձնանում է 384 հազար 797 ընդհանուր դեպքով: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 18 հազար 229 մարդ: Չիլիում վարկվածների ընդհանուր թիվը 345 հազար 790 է: Վարակի հետևանքով մահացել է 9 հազար 112: Իսպանիան հայտնվել է 9-րդ տեղում՝ 319 հազար 501 ընդհանուր, 28 հազար 432 մահվան դեպքով: Տասնյակը եզրափակում է Միացյալ Թագավորությունը, որտեղ հաստատված դեպքերի թիվը 299 հազար 426 է, մահերինը՝ 45 հազար 752:
Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 26-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 61-ով: Ներկայում Չինաստանում վարակի ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 83 հազար 891, որից ապաքինվել է 78 հազար 918-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:
Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 1137-ի: Վարակի բռնկումից ի վեր Վրաստանում մահացել է 16 մարդ: Իրանում վարակվածների ընդհանուր թիվը 293 հազար 606 է, մահերինը՝ 15 հազար 912: Թուրքիան առանձնանում է 226 հազար 100 ընդհանուր, 5 հազար 613 մահվան դեպքով:
Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 268 հազար 934 հաստատված դեպք կա: Հաջորդը Կատարն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 109 հազար 597, մահերինը՝ 165: Եգիպտոսում առկա է 92 հազար 062 հաստատված դեպք: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 4 հազար 606 մարդ: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 58 հազար 913 է, մահացածներինը՝ 344: Լիբանանում կա 3 հազար 750 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 51: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 650-ի: Վարակի հետևանքով մահացել է 38 մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը: