«Հայկական ժամանակ»-ի տնօրենը նաև Կոնդի առանձնատների ՊՈԱԿ-ի տնօրենի ԺՊ-ն է. ՓԱՍՏԱԹՂԹԵՐ. lurer.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Հայկական ժամանակ»-ի տնօրենը նաև Կոնդի առանձնատների ՊՈԱԿ-ի տնօրենի ԺՊ-ն է. ՓԱՍՏԱԹՂԹԵՐ. lurer.com

Այս իշխանություններն ընդդիմադիր լինելու տարիներին՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ միշտ քննադատում էին խնամի-ծանոթ-բարեկամներին աշխատանքի տեղավորելու՝ Սերժ Սարգսյանի օրոք տիրող արատավոր երևույթը: Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո խնամիծանոթբարեկամներին աշխատանքի տեղավորելու դեպքերը բացառելու առիթով դեռ 2019 թվականի ապրիլի 19-ին ասել էր. «Կա Քաղաքացիական ծառայության մասին օրենք, և մենք ամեն ինչ անելու ենք, որ ամեն մի իշխանություն չգա ու իր բաջանաղին չմտցնի պետական կառավարման համակարգ: Հիմա հարց՝ այս խոստումը կատարվե՞լ է, այո՛, լիարժեք 100 տոկոսով կատարվել է»Սրանից հետո ականատես եղանք մի շարք նշանակումների, որոնք փոխկապակցված էին արդեն իսկ պաշտոններ զբաղեցնող անձանց հետ: Օրինակ նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը քաղաքապետ Հայկ Մարությանի ընկերն էր, իսկ ահա նոր ոստիկանապետ Վահե Ղազարյանը Նիկոլ Փաշինյանի համաքաղաքացին է: Բոլորին է հայտնի Փաշինյանի քավորական ընտանիքի անդամների զբաղեցրած պաշտոնները և այլն:

LՈՒՐԵՐ.com-ը հետազոտությունների արդյունքում ևս մեկ դեպք է բացահայտել, երբ Նիկոլ Փաշինյանի հետ անմիջական կապեր ունեցող անձը պետական համակարգում պաշտոն է զբաղեցնում: Խոսքը «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿի տնօրենի մասին է: Ըստ 2020 հունվարի 31-ին կառավարության կայքում հրապարակված պաշտոնական փաստաթղթի, այդ պաշտոնը զբաղեցնում է Արուսյակ Մանավազյանը: Նա Փաշինյանի թիմում է դեռ 2008 թվականից: Մինչ վարչապետի և «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿի տնօրենի պաշտոնակատարի կապին անդրադառնալը, նախ ներկայացնենք, թե կառավարության կայքում հրապարակված որ փաստաթղթում է առկա մեր ներկայացրած տեղեկությունը: Խոսքն այն փաստաթղթի մասին է, որով վարչապետի աշխատակազմը «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿին այս տարվա ծախսերի համար 450 մլն դրամ է հատկացրել: Գումարը ստացել է ՊՈԱԿի տնօրենի լիազորությունները կատարող Արուսյակ Մանավազյանը:

Այժմ նրա և Փաշինյանի կապերի մասին: Արուսյակ Մանավազյանը 2008 թվականից աշխատում է Նիկոլ Փաշինյանի հիմնադրած «Հայկական ժամանակ» օրաթերթում որպես գլխավոր հաշվապահ, իսկ 2009 թվականից «Մեր տպարան» ՍՊԸ-ի գլխավոր հաշվապահն է, որը կրկին պատկանում է Փաշինյաններին: Նա նաև անդամակցում է Փաշինյանի հիմնադրած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակացությանը, խորհրդարանական ընտրությունների ժամանակ առաջադրվել է որպես պատգամավորի թեկնածու: 2018-ից նաև ՔՊ «Վերադարձի հիմնադրամ»-ի գլխավոր հաշվապահն է: Իսկ ահա նրա ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ զբաղեցնում է նաև այս հիմնադրամի տնօրենի ԺՊ-ի պաշտոնը և «Հայկական ժամանակ»-ի տնօրենի պաշտոնը: Այսինքն, նա միաժամանակ երեք կառույցի տնօրեն է, որից մեկը պետական է: Որպեսզի «Հայկական ժամանակ»-ի տնօրենը լինելու փաստը չհիմնավորենք միայն նրա ֆեյսբուքյան էջում հրապարակված տեղեկությունով, նշենք, որ գնումների armeps համակարգում առկա են պետական գերատեսչությունների և ՀԺի մինչև կնքված պայմանագրեր, որոնք կրկին ստորագրվել են Արուսյակ Մանավազյանի կողմից:

Այս տարի Սուրեն Պապիկյանի ղեկավարած տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ գործող պետական գույքի կառավարման կոմիտեն 840 հազար դրամի պայմանագրի է կնքել Փաշինյանի հիմնադրած թերթի հետ՝ հայտարություններ տեղադրելու նպատակով: Այժմ հարց է առաջանում՝ արդյո՞ք այս դեպքը տեղավորվում է վարչապետի նշած բաջանաղապետության բացառման տրամաբանությանը, թե՝ ոչ:

lurer.com