Ռուսաստանաբնակ հայազգի միլիարդատեր, «ՌԵՍՈ-Գարանտիա» ապահովագրական ընկերության համասեփականատեր Սերգեյ Սարկիսովը RBC-ի հետ զրույցում անդրադարձել է վերջին օրերին Ռուսաստանում հայ-ադրբեջանական լարված հարաբերություններին, տեղի ունեցող բախումներին և բավականին կոշտ տեսակետ արտահայտել։
«Իսկական տղամարդը նա չէ, ով բոլորից բարձր է բղավում կամ ապակիներ է կոտրում, իսկական տղամարդն իր հայրենիքը պաշտպանում է ոչ թե օտար երկրում՝ «ուրիշի տանը», այլ՝ նախնիների հողում»,- ասել է նա։ RBC-ի փոխանցմամբ՝ Սերգեյ Սարկիսովը Սարկիսովների ընտանիքի, ինչպես նաև «Հայերի ասամբլեայի» անունից նամակ-ուղերձով դիմել է երկու ժողովուրդներին։.
«Ես չեմ սիրում հանրային ելույթներ, բայց ավելի շատ չեմ սիրում անիմաստ բռնություն։ Իմ նախապապը սպանվել է ազգային և կրոնական ատելության պատճառով, ճիվաղների կողմից, իսկ պապիս և նրա քրոջը փրկել են հենց նույն ազգության մարդիկ։ Նրանք լավ մարդիկ են եղել, դա արել են՝ վտանգելով իրենց և սեփական ընտանիքը։ Յուրաքանչյուր ազգի մեջ կան մարդիկ, որոնցով հպարտանում են, բայց և կան այնպիսիք, որոնց համար ամաչում են»,- իր ուղերձում նշել է գործարարը։
Նրա խոսքով՝ ինքն ու եղբայրն ունեն շատ լավ, մեծահոգի, արժանապատիվ ադրբեջանցի ընկերներ, և հիմա անհարմար են զգում նրանց առջև։
«Ես ամաչում եմ այն վանդալների փոխարեն, որոնք որոշել են իրենց ազգային ինքնությունն արտահայտել բռնությամբ և ավերածությամբ։ Ես ամաչում եմ իմ հայ ազգականների ու ընկերների առջև նրանց փոխարեն, ովքեր իրենց հայրենիքից հեռու որոշել են իրենց ազգայնականությունը բարբարոսությամբ արտահայտել՝ ծեծելով և սպանելով մարդկանց միայն ազգային պատկանելության համար»,- նշել է Սարկիսովը։
Նա դիմել է հայ և ադրբեջանցի մտավորականությանը, երկու ազգերի բիզնես ոլորտի ներկայացուցիչներին՝ կոչ անելով դադարեցնել բարբարոսների և ծայրահեղականների այս գործողությունները։
«Բացատրեք նրանց, որ մեր ժողովուրդների ավանդույթներին հարիր չէ ծեծկռտուք սարքել այն տանը, որտեղ նրանց հյուրընկալել են, ապրելու, աշխատելու, երեխաներին սովորելու հնարավորություն տվել»,- հավելել է Սարկիսովը՝ պարզաբանելով, որ նկատի ունի Ռուսաստանը, որն այս դեպքում հենց այդ հյուրընկալն է։ Նա կոչ է արել երկու կողմերին խայտառակ չանել իրենց ժողովուրդներին ու նախնիներին։
Գործարարի կարծիքով՝ այն, ինչ վերջին օրերին է տեղի ունենում, պարզապես անշնորհակալ և անհարգալից վերաբերմունքի դրսևորում է «տան տերերի հանդեպ»։ Նա կոչ է արել նաև կանգնեցնել նրանց, ովքեր Ռուսաստանի սահմաններից դուրս էլ ծայրահեղականություն ու բռնություն են սանձազերծում։
Սարկիսովը տեղեկացրել է, որ իր ընտանիքը պատասխանատվություն է ստանձնում փոխհատուցելու ադրբեջանցի գործարարների՝ հայերի կողմից հասցված վնասները։ Ըստ Սարկիսովի՝ վնաս հասցնողներն այն մարդիկ են, որոնք հիմարի նման կարծում են, թե իսկական տղամարդը նա է, որ բարձր է բղավում կամ ապակիներ է կոտրում։
«Նրանց համար, ովքեր մոռացել են, հիշեցնեմ՝ տղամարդը նա է, ով աչքերի մեջ նայելով է հակահարված հասցնում իրեն կամ իր ընտանիքին վիրավորողին։ Նա, ով պաշտպանում է իր հայրենիքը ոչ թե երբ հյուր է, այլ երբ իր նախնիների հողի վրա է»,- գրել է Սարկիսովն ու համոզվածություն հայտնել, որ ադրբեջանցի գործարարները ևս կհամաձայնեն իր հետ, և նրանք էլ կփոխհատուցեն ադրբեջանցիների գործողությունների հետևանքով հայերի գույքին հասցված վնասները։
Ուղերձի վերջում նա հավաստիացրել է մոսկվայաբնակներին, որ երկու ժողովուրդների ներկայացուցիչները Ռուսաստան են եկել խաղաղությամբ, բարի մտադրություններով՝ ստեղծելու, այլ ոչ թե քանդելու նպատակով։
Հիշեցնենք, որ հուլիսի 24-ի գիշերը Մոսկվայում ադրբեջանցիները սկսել են խմբերով հարձակվել հայերի վրա։ Տեսանյութերից մեկում մի խումբ ադրբեջանցիներ ծեծում էին հայկական համարանիշով մեքենայում գտնվող տղամարդուն, մյուսում` ոտքերով հարվածում տարեց տղամարդուն ու հարցնում` ո՞ւմն է Ղարաբաղը։
Տեղեկություն կա, որ հայերից մեկն էլ դանակահարվել է։ Հետո հարձակումներ եղան նաև հայկական խանութների կամ այլ օբյեկտների վրա Մոսկվայում և այլ քաղաքներում։