ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սևանա լճի ափամերձ հատվածում առկա իրավիճակը «բնապահպանական աղետ» որակեց: Այս մասին Վարչապետն ասաց Շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանին ներկայացնելու ընթացքում:
«Սևանա լճի խնդիրը մեր ամենալուրջ խնդիրներից մեկն է: Երկար տարիների ընթացքում մենք խնդիրը ստեղծում ենք մեր ամենօրյա գործունեությամբ, հետո, երբ խնդիրն արտահայտվում է, ասում ենք՝ բա ո՞ւր է նայում նախարարը, որ Սևանը կանաչեց: Ցավոք, մենք չենք նկատում, որ դա նույնիսկ ամենավատ նախարարի կամ կառավարության գործունեության պարագայում չէր կարող տեղի ունենալ մեկ շաբաթում, մեկ ամսում, մեկ տարում և, նույնիսկ, 10 տարում: Դա ամենօրյա մեր կենցաղավարման արդյունքն է՝ սկսած մեր հանգստանալու, տնտեսավարման ձևերից, սկսած նրանից, թե Սևանի ափին ինչ կառույցներ են կառուցում և ինչ տրամաբանությամբ: Սևանի ափին այսօր քայլելով մենք ամեն քայլափոխի տեսնում ենք բնապահպանական աղետ»,- ասաց Փաշինյանը: