Ախուրյանում ավարտվում է երկրաշարժից անօթևան դարձած ընտանիքների բնակարանաշինական ծրագիրը
Advertisement 1000 x 90

Ախուրյանում ավարտվում է երկրաշարժից անօթևան դարձած ընտանիքների բնակարանաշինական ծրագիրը

Շիրակի մարզ կատարած այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը եղավ  Ախուրյանում, ծանոթացավ ՀՀ պետական բյուջեի հաշվին կառուցված բնակելիների որակին ու կատարված աշխատանքին:  Երեք շենքը նախատեսված է 1988-ից անօթևան մնացած 100 ընտանիքի համար: Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին բնակարանային ապահովման նպատակով Ախուրյանում 3 անավարտ շենքերի կառուցման համար հատկացվել է 798.000 մլն դրամ գումար: 3 բնակելիների՝  104 բնակարանների կառուցման աշխատանքներն ավարտման փուլում են: Շենքերն ամբողջովին կշահագործվեն դեկտեմբերի 20-ին:

ՀՀ վարչապետը եղավ բնակարաններից երկուսում, ծանոթացավ այդ ընտանիքների հետ: Բնակարանից մեկը Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Աշոտ Շահբազյանի ընտանիքն էր: Այն փողոցը, որտեղ կառուցվել է բազմաբնակարանը, ևս կրում է հերոսի անունը:

Բացի այս նորակառույցներից, Ախուրյանում ևս 36 ընտանիք արդեն ձեռք է բերել բնակարան պետական բնակարանի գնման վկայագիր ծրագրի շրջանակներում:

Սրանով համայնքում 1988  թվականին բնակարան կորցրած և անօթևան  շահառու համարվող ընտանիքների բնակարանային խնդիրը լուծված է համարվում, բայց ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ախուրյան համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանը, դեռ կան ընտանիքներ, որոնք թեև փաստացի անօթևան են բայց շահառուներ չեն ճամաչվել: «Նրանց հարցը քննարկման ենթակա է, համապատասխան լուծում է պահանջում: Դրանք հիմնականում անօթևանության ցուցակներում տարբեր պատճառներով չընդգրկված ընտանիքներն են»,-նշեց Արծրունի Իգիթյանը:

1988 թվականի երկրաշարժի պատճառով Ախուրյանում 41 բազմաբնակարն շենք կամ քանդվել, կամ վթարային է դարձել: Մասնավոր սեկտորը տուժել է: Շիրակի մարզում Գյումրիից հետո Ախուրյանը բնակարանաշինության խնդիր ունեցող երկրորդ համայնքն էր: