Խաչատուր Սուքիասյանի ապօրինի շինարարությունը և հողազավթումը Երևանի կենտրոնում․ fip.am
Advertisement 1000 x 90

Խաչատուր Սուքիասյանի ապօրինի շինարարությունը և հողազավթումը Երևանի կենտրոնում․ fip.am

Ազգային ժողովի նախկին պատգամավոր և գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Նարեկ» ընկերությունը արդեն մի քանի տարի է, ինչ խոշոր շինարարություն է իրականացնում Երևանի «Ռոսիա» առևտրի կենտրոնի հարևանությամբ:

Պարզվում է, սակայն, որ մայրաքաղաքի ամենասրտում՝ Երևանի քաղաքապետարանից ոչ հեռու իրականացվող շինարարությունն ապօրինի է եղել՝ առանց համապատասխան թույլտվության։

«Նարեկ» ընկերությունը մտնում է «Սիլ» կոնցեռնի մեջ։ Այս ընկերությանն է պատկանում նախկին «Ռոսիա» կինոթատրոնի շենքը և դրան կից «Ռոսիա» մոլը։ Ընկերության բաժնետերերն են Խաչատուր Սուքիասյանը և նրա երեք եղբայրները` Էդուարդ, Ռոբերտ և Սարիբեկ Սուքիասյանները, որոնցից յուրաքանչյուրն ունի 25 տոկոս բաժնեմաս։

Ե՞րբ է սկսվել շինարարությունը

Ուսումնասիրելով Google Earth ծրագրով հասանելի արբանյակային լուսանկարները` պարզ է դառնում, որ տարածքում շինարարական աշխատանքները սկսվել են դեռ 2016 թվականի առաջին կեսին։

Շինհրապարակ այցելության ժամանակ Fip.am-ը չկարողացավ գտնել որևէ ցուցանակ կամ պաստառ, որում տեսանելի կլիներ շինարարության թույլտվության առկայությունը (նշենք, որ պաստառի առկայությունը պարտադիր է)։ Ու թեև ընկերությունը շուրջ երեք տարի ակտիվ աշխատանքներ է իրականացրել, սակայն քաղաքային իշխանությունները միայն 2019 թ. փետրվարին են բացահայտել ապօրինի շինարարությունը։

Ե՞րբ է բացահայտվել ապօրինի շինարարությունը 

Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, առանց համաձայնեցված նախագծի և շինթույլտվության կառույցը հայտնաբերվել է քաղաքապետարանի աշխատակազմի և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցների կողմից 2019-ի փետրվարի 20-ին, որոնք կասեցրել են տարածքում շինարարությունը։

Արդեն 2019-ի մարտի 14-ին «Նարեկ» ՍՊԸ-ն դիմել է քաղաքապետարան՝ Տիգրան Մեծի պողոտա 16/4 հասցեում սեփականության իրավունքով «Նարեկ» ՍՊԸ-ին պատկանող և Տիգրան Մեծի պողոտա 16/12 հասցեում Երևան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերում իրականացված ինքնակամ կիսակառույց շինություններն օրինականացնելու համար:

Քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից տրվել է մասնագիտական եզրակացություն, որ քաղաքաշինական տեսակետից համապատասխան կիսակառույց շինություններն օրինականացնելու առարկություն չի եղել:

2019 թ. ապրիլի 11-ին Երևանի քաղաքապետի որոշման համաձայն՝ Տիգրան Մեծի 16/4 հասցեում «Նարեկ» ՍՊԸ-ին պատկանող 758 քմ հողամասում ինքնակամ կառույցը ճանաչվել է օրինական։ Ընկերությունն օրինականացման համար Երևան քաղաքի բյուջե է փոխանցել 35,460,800 դրամ (մոտ 73,000 դոլար)։

Քաղաքապետի որոշման մեջ ասվում է, որ «կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը» և «շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք»։

Ինչպես նշեցինք, «Նարեկ» ՍՊԸ-ն շինարարություն էր իրականացրել նաև Երևան համայնքի սեփականություն հանդիսացող հողի վրա՝ Տիգրան Մեծի պողոտա 16/12 հասցեում։ Այստեղ կառուցված ինքնակամ կառույցը ևս քաղաքապետի որոշմամբ ճանաչվել է օրինական, և շինությունն ու դրա համար առանձնացված հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի ձևով ձեռք բերելու առաջարկ է կատարվել կառույցն իրականացրած «Նարեկ» ՍՊԸ-ին: Վերջինիս և Երևանի քաղաքապետարանի միջև կնքվել է ուղղակի վաճառքի պայմանագիր։

Ի վերջո, 2020-ի փետրվարի 27-ին «Նարեկ» ՍՊԸ-ն Տիգրան Մեծի պողոտա 16/4 և 16/12 հասցեներում ստացել է շինարարության թույլատվություն։

Հատկանշական է, որ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը 2018 թ. սեպտեմբերից՝ ավագանու արտահերթ ընտրություններից հետո մշտապես խոսել է ապօրինի շինարարության անթույլատրելիության մասին. «Ապօրինի շինարարությանը՝ վերջ, հողազավթմանը՝ վերջ։ Չի լինելու այդպիսի բան։ Վերջացավ»,- մասնավորապես, դեռևս 2018 թ. նոյեմբերի 13-ին հայտարարել էր Մեսչյանը։

Հովհաննես Նազարեթյան
fip.am



Նման նյութեր