Ցավալի է, բայց փաստ, որ երկրի բարձրագույն իշխանությունը կամ չի տիրապետում իր իսկ նշանակած կադրերի աշխատանքային և դրանից դուրս ծավալած գործունեության բովանդակությանը, կամ, որ ավելի սարսափելի է, նոր իշխանությունների պաշտոնյաները ազատ ու համարձակ ինչ ուզում, անում են բարձրագույն իշխանության անմիջական թողտվությամբ:
Որպեսզի ասվածը մերկապարանոց հայտարարություն չթվա, խոսենք փաստերով ու անդրադառնանք Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանի ծավալած, ինչպես Գյումրիում ընդունված է ասել, վաշխառուական գործունեությանը:
Խմբագրության հետ կապ հաստատած գյումրեցիների խոսքով՝ Վարդան Գրիգորյանի լոմբարդում գումարը տալիս են տարեկան 60-80 տոկոսով, ինչը, բնականաբար, նեղ վիճակում հայտնված քաղաքացու համար այդ պահին փրկության շող է կարճաժամկետ խնդիր լուծելու համար, սակայն պարզ է, որ շատերի համար անհաղթահարելի բեռ է այդ ահռելի գումարը վճարելը: Մեզ պատմեցին, որ շատերը իրենց ոսկին օրենքով սահմանված կարգով թողնում են լոմբարդում, քանի որ չեն կարողանում վճարել տոկոսները, իսկ հետո այդ ոսկին վաճառվում է շուկաներում ավելի բարձր գնով:
Ուշագրավ է, որ գրավատների գործունեությունը ՀՀ-ում կարգավորվում է «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքով, սակայն օրենքը հստակորեն չի սահմանում վարկային տոկոսադրույքների սահմանաչափ, և հենց այդ պատճառով է, որ ՀՀ-ում գրավատները կարողանում են նման կեղեքիչ, աստղաբաշխական դրույքաչափեր սահմանել:
Կենտրոնական բանկի պաշտոնական կայքում տեսնում ենք, որ նշված լոմբարդի՝ «ՌՈՅԱԼ ՖԻՆԱՆՍ ԳՐՈՒՊ»-ՍՊԸ-ի հասցեն է՝ ք. Գյումրի, Սայաթ-Նովա փողոց 2շենք, թիվ 2ա արտադրամաս:
ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրում որպես այս լոմբարդի հիմնադիր՝ նշված է Վարդան Հայկի Գրիգորյանի անունը, ում մասնակցությունն այս պահին դադարեցված է:
Նույն ռեգիստրի տվյալներով՝ կազմակերպությունն այս պահին չի գտնվում լուծարման գործընթացում: Դրա գործունեության մասին պետական միասնական գրանցամատյանում նույնպես տվյալներ առկա չեն:
Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայքում տեղադրված կենսագրական տվյալներից տեսնում ենք, որ Վարդան Գրիգորյանը 24/01/2014-07/06/2018 եղել է «Ռոյալ ֆինանս գրուպ» ՍՊԸ-ի տնօրենը, 01/03/2018 – 05/06/2018-ը՝«Ռոյալ սթար» ՍՊԸ-ի հաշվետարը:
29.06.2018թ. նշանակվել է ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ:
Ուշադրություն՝ ենթադրաբար սա հենց նույն լոմբարդն է, հենց այնտեղից է ազատվել 2018թ. հունիսի 7-ին և ուղիղ 22 օր անց նշանակվել Շիրակի փոխմարզպետ:
Մեր տեղեկություններով՝ ՀՀ ներկայիս հեղափոխական իշխանությունները բիզնեսները ընտանիքի որևէ անդամի անունով վերագրանցելու պայմանով են վերջինիս խոստացել նշանակել Շիրակի փոխմարզպետի պաշտոնում, ինչով էլ հենց վերջինս զբաղվել է մինչև ներկայիս պաշտոնում նշանակվելը: Այս պահին լոմբարդի տերը փաստաթղթերով կարծես թե Վարդան Գրիգորյանի ընտանիքի անդամներից մեկն է:
Գյումրիում լավ գիտեն, որ Վարդան Գրիգորյանը մինչև 18:00-ն փոխմարզպետ է, իսկ դրանից հետո նրան կարելի է գտնել փաստացի իրեն պատկանող գրավատան տարածքում:
Ըստ գյումրեցիների՝ վերջինիս է պատկանում նաև կահույքի մասնագիտացված խոշոր խանութ-սրահներից մեկը:
Հետաքրքիր է՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուսումնասիրե՞լ է արդյոք պետական այս բարձրաստիճան պաշտոնյայի ու նրա հետ փոխկապակցած անձանց բիզնես գործունեությունը:
Իսկ այդ հանձանաժողովի համար կասկածելի չէ՞ արդյոք այն փաստը, որ Շիրակի փոխմարզպետի կինը՝ Փուրթոյան Մանիկը, 2019 թվականի տարեկան հայտարարագրում հայտարարագրել է հանձնած և վերադարձված փոխառություններ՝ 87,500,000.00 ՀՀ դրամ, նրա բանկային հաշվի մնացոդները կազմել են 300,000.00 ՀՀ դրամ, իսկ որպես կանխիկ դրամ՝ Փուրթոյանը հայտարարագրել է 64,000,000.00 ՀՀ դրամ, իսկ դրանց ծագման աղբյուրը պաշտպանված է:
Իսկ ահա 2018 թվականի տարեկան հայտարարագրում Մանիկ Փուրթոյանը հայտարարագրել է 61,000,000.00 ՀՀ դրամ, իսկ դրամական միջոցները կազմել են 43,000,000.00 ՀՀ դրամ, 85,000.00 ԱՄՆ դոլար, 4,000.00 եվրո։
Նկատենք, որ Մանիկ Փուրթոյանը իր 2018 և 2019 թվականների հայտարարագրերից որևէ մեկում չի հայտարարագրել որպես աշխատանքի դիմաց ստացված աշխատավարձի չափ, ինչից պարզ է դառնում, որ Փուրթոյանը աշխատավարձ այս 2 տարիների ընթացքում չի ստացել որևէ տեղից։
Նշենք, որ Փուրթոյանը չի հայտարարագրել նաև շարժական և անշարժ գույք, թանկարժեք իրեր. նրա հայտարարագրերում ներկայացված են միայն տիրապետած դրամական միջոցների չափերը։
168.am-ը կապ հաստատեց Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանի հետ՝ ցանկանալով ճշտել մեզ հասած տեղեկությունների իսկությունը:
«Ես գրավատուն չունեմ, դա կնոջս գրավատունն է: Նախկինում՝ նախքան պաշտոնի անցնելը, ես եմ զբաղվել այդ գործերով, հիմա կինս է զբաղվում»,- ասաց Շիրակի փոխմարզպետը:
Մեր դիտարկմանը, որ ըստ գյումրեցիների՝ գրավատան տարեկան տոկոսադրույքները շատ բարձր են, տարեկան մինչև 80 տոկոս, նա պատասխանեց.
«Ճիշտն ասած, ես հիմա չգիտեմ՝ ոնց է: Համենայն դեպս, նախկինում այդքան բարձր չի եղել»,- ասաց Վարդան Գրիգորյանը՝ հորդորելով տեղեկությունը ճշտել գրավատնից՝ տալով հեռախոսահամարը:
Մենք այդպես էլ արեցինք, սակայն Վարդան Գրիգորյանի տրամադրած հեռախոսահամարը չպատասխանեց՝ հավանաբար պայմանավորված աշխատանքային օրվա ավարտով:
Անդրադառնալով կահույքի խանութ-սրահ ունենալու մասին լուրերին, Վարդան Գրիգորյանը ասաց.
«Դա էլ հորս բիզնեսն է: Ինքը 98թ.-ից ունի, հիմա էլ նույնը ունի»:
Հարցրեցինք նաև այն մասին, որ իր կինը փաստացի չի աշխատում, բայց բավականին պատկառելի դրամական միջոցներ է հայտարարագրել, որոնց ծագման աղբյուրը պաշտպանված է, այսինքն՝ հայտնի չէ, թե այդ գումարը որտեղից է գոյացել:
«Կինս փաստացի չի աշխատում, աշխատավարձ չի ստանում: 3 փոքր երեխա ունի, ստիպված է տանը նստել»,- ասաց Վարդան Գրիգորյանը՝ հավելելով, որ դրամական միջոցները գոյացել են գրավատան՝ լոմբարդի գործունեությունից:
Ի դեպ, ժամանակին Վարդան Գրիգորյանի հովանավորյալը Շիրակի նախկին մարզպետ, ներկայումս Ազգային ժողովի իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանն էր, ում նախընտրական քարոզարշավը, ըստ լուրերի, ֆինանսավորել է հենց Շիրակի փոխմարզպետ Վ. Գրիգորյանը, սակայն գյումրեցիները նշում են, որ հիմա ազդեցությունների փոխատեղում է տեղի ունեցել ուղիղ հակառակ իմաստով:
Ի դեպ, Վարդան Գրիգորյանը կարծես թե նոր է վերադարձել արձակուրդից, փոխարենն արձակուրդ է մեկնել մարզպետ Տիգրան Պետրոսյանը, որի մասին ակտիվորեն խոսում են, որ արձակուրդից, հնարավոր է՝ չվերադառնա: Համենայն դեպս, եթե դա իրականություն լինի, ու իշխանությունները որոշեն Շիրակի մարզպետի պաշտոնում նշանակել, օրինակ, փոխմարզպետ Վարդան Գրիգորյանին, համապատասխան կառույցը ճիշտ կանի՝ ուսումնասիրի վերջինիս բիզնես գործունեության նաև չերևացող կողմերը, որովհետև գյումրեցիներին դժվար թե դուր գա իրենց վրա մեծ տոկոսաչափերով մարզպետի պաշտոնավարումը: