ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման պետության ղեկավարի պաշտոնում գտնվելու ութ տարվա ընթացքում իր ընտանիքի հանգստի և ճանապարհորդությունների վրա ծախսել է ավելի քան 85 մլն դոլար: Այդ մասին հայտնել է Judicial Watch կազմակերպությունը, որը նախագահի ընտանիքի ծախսերի վերաբերյալ ԱՄՆ-ի գաղտնի ծառայության փաստաթղթերից օգտվելու հնարավորություն է ստացել:
Միջին հաշվով նախագահական ընտանիքը տարեկան ծախսել է շուրջ 10 մլն դոլար: Նշված գումարը ներառել է անվտանգության, թռիչքների ու ուղևորությունների հետ կապված ծախսերը, ինչպես նաև ԱՄՆ-ի գաղտնի ծառայության անձնակազմի ու աշխատակիցների համար ավտոմեքենաների և հյուրանոցների համարների վարձավճարը:
Սա դեռ վերջնական գումարը չէ: Նախագահի ընտանիքն ամեն տարի Սուրբծննդյան տոներն անցկացնում է Հավայան կղզիներում, և այս տարին բացառություն չի լինի:
Judicial Watch կազմակերպությունը մանրամասն հաշվետվություն է ներկայացնում 2015 թվականին Հավայներում ընտանիքի ժամանցի վերաբերյալ, նշելով, որ Օբամայի հանգիստը նստել է 4,8 մլն դոլար:
Օբաման պաշտոնը թողնելու է 2017 թվականի հունվարի 20-ին. երբ երկրի նախագահ կդառնա նոյեմբերին ընտրված Դոնալդ Թրամփը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: