Օգոստոսի երկրորդ կեսից արդեն ընթանում են են Ծովակ-Լճավան-Մաքենիս-Ախպրաձոր մարզային նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Գեւորգ Խաչատրյանը, ծրագիրն ընդգրկված է Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ կնքված «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի շրջանակում: Հիմնանորոգվող ճանապարհի երկարությունը կազմում է 14,5 կլիոմետր, որից շուրջ 6 կիլոմետրը՝ բնակավայրերի ներսում: Ասֆալբետոնե շերտի տեղադրման մակերեսն ընդգրկելու է շուրջ 68 հազար քառակուսի մետր:
Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 1 միլիարդ 224 միլիոն 800 հազար դրամ: Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Կապավոր» ՍՊԸ-ն: «Նախատեսվում է իրականացնել ճանապարհի հիմքի տեղադրման, միաշերտ ասֆալտբետոնե ծածկի, ջրահեռացման համակարգի, բնակավայրերում՝ մայթերի կառուցման, կահավորման եւ գծանշման աշխատանքներ:
Շինարությունը նախատեսված է ավարտել եկող տարվա ընթացքում: Այս ճանապարհը հիմնանորոգման չի ենթարկվել 1983 թվականից սկսած: Ճանապարհի անցանելիության ապահովումը կապված էր բազմաթիվ դժվարությունների հետ՝ հատկապես ձմռան ամիսներին: Կենսական կարեւոր նշանակության այս ծրագրի իրականացման արդյունքում Ծովակ, Լճավան, Մաքենիս եւ Ախպրաձոր համայնքներում կնկատվի տնտեսական զարգացում ու աշխուժություն:
Միաժամանակ այն կնպաստի տուրիզմի զարգացմանը, քանի որ այս ճանապարհի սպասարկման տիրույթում են գտնվում միջնադարյան Հայաստանի պատմաճարտարապետական հրաշալիքներից մեկը համարվող Մաքենիսի վանական համալիրը, Ախպրաձորի տարածքում գտնվող քաղաք-հնավայրը, Ծովակի կիկլոպյան բերդ-ամրոցը, Ռուսա Առաջինի թողած ուրարտական արձանագրությունը, պատմության եւ բնության բազմաթիվ այլ կարեւոր հուշարձաններ»,- ասաց Գեւորգ Խաչատրյանը:
Խոսրով Խլղաթյան