Հայաստանյան ներիշխանական ճամբարում «թայֆայական» հակասությունները խորանում են. politik.am
Advertisement 1000 x 90

Հայաստանյան ներիշխանական ճամբարում «թայֆայական» հակասությունները խորանում են. politik.am

Օրերս հայտնի դարձավ, որ «Բաց հասարակության հիմնադրամների» Հայաստանի մասնաճյուղի ղեկավար Լարիսա Մինասյանը դիմել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, խնդրելով պատժել ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլական» կարկառուն ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանին։ Հիշեցնենք, որ «Բաց հասարակության հիմնադրամները» ժողովրդի մեջ առավել հայտնի է «Սորոսի հիմնադրամ» պայմանական անվանումով, իսկ վերջինիս համակրողներին կամ վերջինիս պաշտպաններին /նաեւ սնվողներին/ հասարակության մեջ ընդունված է անվանել «սորոսականներ» պայմանական անվանումով։

Այսինքն, թե՝ պայմանական ասած՝ Հայաստանի «սորոսականների» ղեկավար Լարիսա Մինասյանը դիմել է Արարատ Միրզոյանին, որպեսզի պատժեն Նիկոլ Փաշինյանի ամենից վստահելի եւ ամենից հավատարիմ զինակիցներից մեկին։ «Հրապարակ» օրաթերթը հրապարակել է Լարիսա Մինասյանի նամակը, ուղղված Արարատ Միրզոյանին։ Իսկ պատճառը եղել է այն, որ «Հրապարակին» տված հարցազրույցում Ալեն Սիմոնյանը «սորոսականների» «պորտը տեղն է դրել» հայտարարելով՝ «․․․Սորոսը, իրա հերը կամ որեւիցե մեկն ում շո՞ւնն են, որ ՀՀ-ում իշխանության վրա ազդեցություն ունենան։ Հայաստանի վրա ազդեցություն ունի միայն ՀՀ քաղաքացին»։ Իսկ ահա Լարիսա Մինասյանի նամակի բովանդակությունը հետեւյալն է․ «Դիմում եմ Ձեզ խնդրանքով՝ նախաձեռնել ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի ձեւավորում եւ լսումներ՝ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի կողմից ս․թ․ օգոստոսի 20-ին «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում արված հայտարարությունների վերաբերյալ։ Ես համոզված եմ՝ Դուք կիսում եք այն տեսակետը, որ հարցազրույցը ոտնահարում է էթիկայի բոլոր նորմերը թե իր լեզվական եւ բառապաշարային դրսեւորումներով, ինչպես նաեւ արտահայտած բովանդակությամբ։ Կարծում եմ՝ լեգիտիմ ընտրված իշխող ուժն ունի ավելի պատվաբեր փաստարկներ իր կառավարմանը տիրապետելուն, քան «Բաց հասարակության հիմնադրամների» նախագահ Ջորջ Սորոսին վիրավորելը եւ հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի գործունեությունը վարկաբեկելը»։

Ինչ խոսք հետաքրքիր եւ ինտրիգային իրավիճակ է ստեղծվել, քանի որ բոլորս ենք հասկանում, որ Ալեն Սիմոնյանին պատժելու հարցը հասցեագրված լինելով հանդերձ Արարատ Միրզոյանին՝ հասցեագրված է Նիկոլ Փաշինյանին։

Նշենք, որ ըստ մամուլում տեղ գտած հրապարակումների, պայմանական անվանումով հայտնի «սորոսականները» հանդիսանում են Փաշինյանի իշխանության այսպես կոչված «փայատերերից» մեկը եւ ԱԺ-ում ունեն ավելի քան երկու տասնյակ պատգամավորներ իշխող «Իմ քայլը» խմբակցությունում։ Ստացվում է, որ եթե օրինակ Արարատ Միրզոյանը ձեւավորի էթիկայի հանձնաժողով եւ կազմակերպի լսումներ, ապա «Իմ քայլը» ֆրակցիայից հնարավոր է, որ «սորոսականների» թեւը սկսի քննադատել իրենց թիմակից Ալեն Սիմոնյանին, դատապարտել նրա վարքագիծը եւ այլն։ Ինչ կարող է դա նշանակել, եթե ոչ այն, որ այդ կերպ իշխանական ֆրակցիան կպառակտվի, կամ գոնե իշխանական թիմի ներսում եղած ճաքերը կխորանան այնքան, որ կդառնան անդունդներ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար բավական բարդ ընտրություն է իրականում ստեղծվել։

Մի կողմից, եթե նա թույլ չտա, որ Արարատ Միրզոյանը ընթացք տա Լարիսա Մինասյանի նամակին, նա կխորացնի հակասությունները «սորոսականների» կամ ընդհանրապետ արեւմտամետների հետ։ Արդյունքում հնարավոր է, որ որեւէ կարեւոր հարցի քվեարկության դեպքում էլ, իշխանական ֆրակցիայում եղած ավելի քան երկու տասնյակ «սորոսական պատգամավորները» դեմարշ քայլ անեն, որ Փաշինյանի քթից բերեն։ Սակայն եթե ընթացք տա, ապա կհարվածի սեփական հեղինակությանը, քանի որ հայաստանյան հասարակության մեջ «սորոսականները» չեն փայլում հեղինակությամբ եւ սիրված չեն լայն զանգվածների կողմից, իսկ նրանց պաշտպանելու դեպքում, Փաշինյանն իրեն դնում է նրանց հետ նույն գծի վրա։

Հիշեցնենք, որ հիմնականում «սորոսականների» գործունեության հետ է հասարակությունը կապում Լանսարոտեի կոնվենցիան, Ստամբուլյան կոնվեցնիան, Հայաստանում, ազգայինի հետ կապված ամեն ինչի դեմ պայքարը եւ այլն։ Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը Լարիսա Մինասյանին պաշտպանելու դեպքում նաեւ կարող է սասանել իր թիմակիցների մեծ մասի մոտ ունեցած վստահությունն ու հարգանքը։ Ստացվում է, որ Լարիսա Մինասյանը իշխանական թիմը պառակտելու տանող խորը սեպ է խրել այս նամակով։

politik.am



Նման նյութեր