Հակաբիոտիկները խորհուրդ չի տրվում համատեղել որոշ դեղամիջոցների, այդ թվում՝ հակաբեղմնավորիչների հետ: Օքսֆորդի եւ Բիրմինհեմի համալսարանների փորձագետների կողմից անցկացված ուսումնասիրությունը, որը հրապարակվել է British Medical Journal-ում, ցույց է տվել, որ այն կանայք, ովքեր միաժամանակ հակաբիոտիկներ եւ հակաբեղմնավորիչներ են ընդունում, կարող են հղիանալ, քանի որ հակաբիոտիկների հետ զուգակցվելիս հակաբեղմնավորիչների արդյունավետությունը նվազում է:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, եթե դուք հորմոնալ հակաբեղմնավորիչներ եք ընդունում եւ ստիպված եք հակաբիոտիկների կուրս ընդունել, խորհուրդ է տրվում ժամանակավորապես դիմել պաշտպանության լրացուցիչ մեթոդների, ինչպիսիք են պահպանակները:
Տարբեր դեղամիջոցների ընդունումից կողմնակի ազդեցությունների տվյալների բազայի վերլուծությունը («դեղին քարտեր») ցույց է տվել, որ հակաբիոտիկները նվազեցնում են հորմոնալ հակաբեղմնավորիչների արդյունավետությունը: Այսպես, հակաբիոտիկներ ընդունելիս գրանցվել է 7 անգամ ավելի շատ անցանկալի հղիություն, քան այլ դեղամիջոցներ օգտագործելիս:
Ընդհանուր առմամբ, գիտնականները հաշվել են 70 000 «դեղին քարտեր» ընդհանուր հակաբիոտիկների համար, 30 000` ֆերմենտ պարունակող դեղամիջոցների համար, եւ 65 000` այլ տեսակի դեղամիջոցների համար: Ռիֆամպիցին եւ ռիֆաբուտին ընդունելիս (օգտագործվում են տուբերկուլյոզի եւ մենինգիտի բուժման համար) ռիսկն ավելի է մեծանում:
Ըստ վիճակագրության՝ չպլանավորված հղիությունը 13 անգամ ավելի շատ է հանդիպում այն կանանց մոտ, ովքեր հակաբիոտիկներ են ընդունում, քանի որ վերջիններս, հավանաբար, ստիպում են օրգանիզմին արտադրել որոշակի ֆերմենտներ, որոնք խանգարում են հորմոնալ հակաբեղմնավորիչների գործողությանը: Այլ դեղամիջոցների մասին հաշվետվություններում, ընդհանուր առմամբ, եղել է 6, հակաբիոտիկների մասին հաշվետվություններում՝ 46, ֆերմենտային դեղամիջոցների մասին հաշվետվություններում՝ 39 չնախատեսված հղիություն: