Կորոնավիրուսային հիվանդության տարածման արդյունքում հայտարարված արտակարգ դրության պայմաններում Ախթալայում ամեն տարի անցկացվող Խորովածի փառատոնի կազմակերպիչները կանգնել են խնդրի առաջ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը նշեց, որ իրենք դեռ հույսը չեն կորցրել, որ Խորովածի 12-րդ փառատոնը գուցե կայանա։
«Սա կայացած և բազմաթիվ մարդկանց մոտ մեծ հետաքրքրություն առաջացնող միջոցառում է։ Հույս ունեմ, որ մեր պատկան մարմինները կփորձեն այնպես անել, որպեսզի մենք արտակարգ դրության այս պայմաններում իրականացնենք այդ փառատոնը»,- ասաց Մամուլյանը։
«Հյուսիսային դարպաս» զբոսաշրջային նախագծի համակարգող Վազգեն Խաչիկյանը հայտնեց, որ, համավարակի հետ կապված, փառատոնի ժամկետները մի փոքր խախտվել են։
«Այնուամենայնիվ, հույս ունեմ, որ պարետատան որոշումներում կլինեն մեղմացումներ, որոնք թույլ կտան իրականացնել բավականին մեծ պահանջարկ վայելող այս փառատոնը»,- նշեց Խաչիկյանը։
Խոսելով այն մասին, որ Ախթալան 2015 թվականին հռչակվեց որպես «Խորովածի միջազգային մայրաքաղաք», նա առաջարկեց օգոստոսի նախավերջին կիրակի օրը դարձնել Խորովածի միջազգային օր։
«Այդ օրը աշխարհի տարբեր կետերում գտնվող մեր հայրենակիցները, ինչպես նաև այլ քաղաքացիներ կարող են կրակ վառել, խորոված պատրաստել, ինչն էլ կմիավորի տարբեր ժողովուրդների։ Այդ օրը բոլորը կարող են լուսանկարներ, տեսանյութեր հրապարակել սոցիալական ցանցերում, ինչպես նաև #խորովածիմիջազգայինօր հեշթեգեր դնել։ Այս ամենը կնպաստի Հայաստանի և հայկական խոհանոցի հանրահռչակմանը»,- ասաց Խաչիկյանը։
Լիլիթ Դեմուրյան