Օգոստոսի 21-ին, Ախալքալաքում, Սամցխե-Ջավախեթիի համալսարանի մոտակայքում, ճանապարհին փորձել են պայթեցնել Վրաստանի խորհրդարանի «Վրացական երազանքի» մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի եղբոր՝ Մարտուն Մկոյանի Mersedes մակնիշի ավտոմեքենան: Պայթյունից վնասվել են Մարտուն Մկոյանի լսողական ընկալիչները: Այս մասին հաղորդում է Jnews․ge-ն։
Jnews-ի հարցին` ինչպես է դեպքը եղել Մարտուն Մկոյանը հրաժարվել է պատասխանել՝ պատճառաբանելով, որ լավ չի լսում:
Իսկ պատգամավոր Հենզել Մկոյանն ասաց. «Ես հյուրեր ունեի, նրանց հետ էի, զանգեց եղբայրս, ասաց՝ շատ մեծ պայթյուն է եղել իր կողքին, որից ինքը սկսել է լսելու ունակությունը կորցնել, բացի դրանից՝ մեքենայի վրա մուր է հայտնվել, մեքենայի բոլոր 6 անվտանգության գոտիները բացվել են: Ես եկա դեպքի վայր, տեսա, որ ծառի տակ ճյուղերը ջարդված են, պայթյունից ծառի տակ փոս է առաջացել: Պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ շենքերի ապրողները դուրս են եկել վախեցած, պայթյունը լսել են նույնիսկ քաղաքի կենտրոնում»:
Պատգամավորը եղբոր մեքենայի պայթյունի փորձը կապում է իր գործնեության հետ և վստահ է, որ նպատակակետը ինքն է եղել, ոչ թե եղբարը:
«Սա մեր ընտանիքի վրա մտածված է կատարվում: Երեկ երեկոյան եղբորս մեքենայով ես իջել եմ ՀԷԿ, երևի սա էլ են հաշվի առել: Դուք երևի իմ ֆեյսբուքյան էջում տեսել եք, որ հունիսի 20-ին ինձ զանգել և սպառնացել են, որ տնից դուրս չգամ, խելոք նստեմ տանը, ընտրություններին չմասնակցեմ, թե չէ իրենք ինձնից ամենաթանկագինը կխլեն: Երկրորդ անգամ ամսի 24-ին զանգել են վայբերով, ռուսական համարով, ասել են՝ անպայման պետք է մեծ գումար ուղարկեմ, եթե՝ ոչ, ապա նրանք ինձ կսպանեն: Նա ասաց, որ 15 տարի նստել է և պատրաստ է ևս 20 տարի նստել, եթե ես չկատարեմ պահանջը: Ես դիմեցի գլխավոր դատախազություն որպես պատգամավոր, որ ինձ վախեցնում են, դիմեցի պարոն Շոթաձեին, նա իմ դիմումն ուղարկել է Ախալցիխեի ոստիկանություն: Այսօր եղավ այն, ինչը սպասելի էր, այսինքն՝ այդ մարդիկ պատահական մարդիկ չեն: Մարտի 26-ին իմ վրա կատարվեց մահափորձ, տեսանյութերը կան, այսօր հասավ այն վիճակին, որ իմ ընտանիքի անդամները, իմ երեխաները, իմ կինը՝ բոլորի հոգեբանությունը խառնվել է, նրանք գիշերը չեն քնում, դեղորայք են խմում: Այսօր մենք անպաշտպան ենք, որովհետև դեպքերը լինում են, բայց ոչ ոք ուշադրություն չի դարձնում: Ես կարծում եմ, որ հիմնական նպատակակետը ես եմ եղել, ոչ թե եղբայրս»,- ասաց Հենզել Մկոյանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին պատգամավոր Հենզել Մկոյանի փաստաբանը հայտարարել էր, որ Մկոյանին շանտաժի են ենթարկում, սպառնում սպանել, և նրանից 5 մլն դոլար շորթելու փորձ է եղել: Արդեն օգոստոսի 12-ին Վրաստանի ներքին գործերի նախարարության հայտարարություն տարածեց, որ Սամցխե-Ջավախքի ոստիկանությունում հետաքննությունն իրականացվում է Քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 2-րդ մասի «Դ» ենթակետով, որը ենթադրում է շորթում՝ խոշոր գումար ստանալու նպատակով, որը ուղեկցվում է զոհի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ բռնության սպառնալիքով, նրանց ունեցվածքի ոչնչացմամբ կամ վնասմամբ, լուրերի տարածմամբ կամ այլ տեղեկությունների տարածմամբ, ինչը կարող է էականորեն խախտել նրանց իրավունքները: